Արցախի Հանրային հեռուստաընկերությունը զրուցել է Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի բնակիչների հետ:
Արդեն մի քանի օր է, Աղավնոյի բնակչության աչքերում մտահոգություն ու հուսահատություն կա: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի հետ հանդիպումից հետո Աղավնոյի բնակիչները հայտնվել են անելանելի վիճակում: Գյուղը լքելու հորդորը մարդիկ ընդունել են ցավով, ոմանք հուզմունքով, ոմանք զուսպ:
Քաշաթաղի շրջանի վերջին բնակիչներն այս օրերին վայելում են սեփական տան ու հինավուրց հայկական հողի քաղցրությունը, որ վաղվա կարոտը գուցե ավելի մեղմ լինի:
Նրանք նշել են, որ հիասթափված են ու վրդովված, քանի որ հուսով էին՝ հայրենի գյուղը չի հանձնվի, սակայն ակնկալիքները չարդարացան:
Աղավնոյի բնակիչներն ասում են՝ եթե Երևանի կենտրոնում անգամ շքեղ առանձնատուն հատկացնեն իրենց, միևնույն է, կորուստն անհամատեղելի է:
«Ես տասը միլիոնով չեմ ուրախանա, այստեղ մանկություն ենք անցկացրել, այս ամենը ստեղծել եմ, որ իմ էրեխեն այսօր իրեն լավ զգա, հասկանա, որ իր հոր սարքած ճանապարհով է քայլում»,-պատմում է Աղավնոյի բնակիչ Արամ Իսախանյանը:
Ավելի վաղ Armenia Today-ի հետ զրույցում Աղավնոյի համայնքապետ Անդրանիկ Չավուշյանը հայտնել էր, որ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի բնակիչները պետք է մինչև օգոստոսի 25-ը լքեն գյուղը։
Ավելի ուշ ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ տեղի բնակչության, համայնքի և շրջանի իշխանության ներկայացուցիչների հետ միասին Խանումյանը քննարկել է Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակչության՝ մինչև սույն թվականի օգոստոսի 25-ը տարհանման հարցերը։ Տարհանումը կիրականացվի քաղաքացիական պաշտպանության պլանի շրջանակներում։
Նշենք՝ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ Արցախում վերջին օրերին ադրբեջանական ագրեսիան պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանն Արցախը Հայաստանի հետ կապող երթևեկությունը Լաչինի միջանցքի փոխարեն այլ երթուղով կազմակերպելու պահանջ է ներկայացրել։
Մանրամասները՝ Արցախի Հանրային հեռուստատեսության ռեպորտաժում: