Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանն անդրադարձել է Ադրբեջանի ագրեսիային:
Ցավակցելով զոհերի հարզատներին ու շուտափույթ ապաքինում մաղթելով վիրավորներին՝ նա նշել է, որ վերջին օրերի ադրբեջանական ագրեսիայի ընթացքում մեր զինծառայողները բազմիցս դիմակայել են ադրբեջանական գրոհներին ու սադրանքներին:
«Այս դեպքերը հերթական անգամ ապացուցեցին՝
1. Արցախի ժողովրդի դիմադրության ոգին կոտրված չէ, և մենք պատրաստ ու ունակ ենք ինքնապաշտպանության.
2. Ադրբեջանը շարունակում է հայատյացության ու պատերազմի քաղաքականությունը՝ բացառելով հայ ազգի գոյությունն առնվազն Արցախում, իսկ ապագայում՝ նաև Հայաստանում.
3. Միջազգային ռազմաքաղաքական երաշխիքներն ու մեխանիզմները, հատկապես այս փխրուն աշխարհակարգի պայմաններում, ամբողջությամբ չեն ապահովում Արցախի ժողովրդի կայուն անվտանգությունը, և մենք ստիպված ու պարտավոր ենք շարունակաբար բարելավել մեր ռազմավարական դիմադրողականության մակարդակը.
4. Ադրբեջանի հայամերժ քաղաքականության պայմաններում հակամարտության ավարտը տեսանելի չէ, և Բաքուն փորձելու է պարբերաբար իրականացվող սադրանքների, իրավախախտումների ու տարաբնույթ ճնշումների միջոցով քիչ-քիչ էլ ավելի բարելավել իր ռազմաքաղաքական դիրքերը տարածաշրջանում ու հասնել Արցախի հայաթափմանը. Այդ նպատակի համար Ադրբեջանը կիրառում է տարբեր միջոցներ, ներառյալ՝
Ա) ուժի և ուժի սպառնալիքի կիրառում,
Բ) սեփական ռազմական կարողությունների շարունակական բարելավում,
Գ) Թուրքիայի ներքաշում տարածաշրջանային հարաբերությունների մեջ՝ սեփական օրակարգային հարցերով,
Դ) Արցախի մեկուսացման խորացում,
Ե) տարածաշրջանում ու աշխարհում Ադրբեջանի դերի ամրապնդմամբ ու կեղծ տեղեկատվական հոսքերով ադրբեջանական թեզերի ու շահերի առաջմղում,
Զ) հայության տարբեր հատվածների միջև պառակտման հրահրում ու խթանում,
Է) հայերի (առաջնահերթորեն՝ արցախահայության) շրջանում անօգնականության ու անելանելիության զգացողության սերմանում,
Ը) Արցախում ապրելու համար կարևոր պայմանների վատթարացում ու խոչընդոտում,
Թ) ՌԴ խաղաղապահ զորակազմի և ընդհանրապես Ռուսաստանի լծակների ու հնարավորությունների սահմանափակում տարածաշրջանում և հեղինակազրկում հատկապես հայերի շրջանում.
5. Քանի որ Արցախը բացառիկ նշանակություն ունի Հայաստանի և ողջ հայության համար և հաշվի առնելով վերոնշյալ վտանգները՝ մեր միակ լուծումը Արցախի և Հայաստանի ռազմավարական դիմադրողականության մակարդակի շարունակական ու արագ բարձրացումն է հատկապես հետևյալ ոլորտներում՝
Ա) կայուն անվտանգություն,
Բ) աճող ժողովրդագրություն,
Գ) զարգացող տնտեսություն,
Դ) որակյալ կրթություն,
Ե) արդյունավետ կառավարում,
Զ) ազգային գաղափարախոսություն,
Է) պրագմատիկ միջազգային հարաբերություններ.
6. Այս ամենին հասնելու համար մեզ անհրաժեշտ է Արցախի հայկական ապագայի և հայոց պետականության զարգացման ու զորացման շուրջ ապահովել համազգային կայուն ու գործնական համախմբում.
7. Եթե կորցնենք Արցախը, ապա կշրջենք հայոց պատմության եթե ոչ վերջին, ապա նախավերջին էջը»,-նշել է նա:
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ օգոստոսի 1-ինց սկսած Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան, ինչպես նաև Հայաստանի հետ կապող Բերձորի միջանցքի հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր։ Արցախում շփման գծի լարվածության հետևանքով վիրավորում են ստացել 19 զինծառայողներ, մահացու հրազենային վիրավորում՝ 2 պայմանագրային զինծառայողներ։