Այն ինչ կատարվում է այսօր, հիբրիդային այն պատերազմի շարունակությունն է, ինչի մասին խոսել եմ դեռ 2020-ին և դրանից հետո: Armenia Today-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Գագիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Հայաստանի ու Արցախի հանրապետությունների շուրջ առկա գործընթացներին, սահմանային լարվածությունների ֆոնին՝ Փաշինյան-Ալիև հերթական բրյուսելյան հանդիպմանն ընդառաջ:
«Դեռ 2020-ին էր ակնհայտ, որ Ադրբեջանը և Թուրքիան ամեն կերպ փորձելու են ավելի ամրապնդվել, ավելի սփռվել, այդ հաղթանակից կորզել առավելագույնը: Նրանք այդ ոգով են առաջ շարժվում, և վերջին սրացումներն ամենևին վերջին քայլերը չեն: Պետք է ամեն պահի պատրաստ լինենք տեսնելու, թե ինչ է կատարվում մեր սահմաններին, թե ինչպես են իրագործվում տարբեր միջանցքների նախագծեր և այն»,-ասաց մեր զրուցակիցը:
Այս համատեքստում անդրադառնալով Մեղրիի-Ագարակ ճանապարհի վրա ռուս խաղաղապահների կողմից մոդուլային հենակետեր տեղադրելու փաստին և ուժեղացված հսկողությանը՝ նա նշեց, որ խոշոր տերություններից միակ երկիրը, որի հետ այսօր կարելի է հույսեր կապել, Ռուսաստանն է:
«Մյուսները հետապնդում են զուտ իրենց շահերը, որոնք չեն համընկնում մեր շահերի հետ: Մի պահ պատկերացնենք, թե ինչ կլիներ, եթե չլինեին ռուս խաղաղապահները: Ակնհայտ է, որ գունավոր հեղափոխություններից հետո յուրաքանչյուր երկիր սովորաբար գտնվում է օկուպացիոն ռեժիմում: Օրինակ՝ Զելենսկին տիպիկ Ուկրաինայի Փաշինյանն է, որը կատարում է բոլոր հրամանաները՝ անկախ նրանից, որքանով են դրանք համապատասխանում իր երկրի ազգային շահերին: Նույն իրավիճակը մեզ մոտ է: Մինչև չթոթափենք այս օկուպացիոն ռեժիմը, որևէ բան չի փոխվելու: Այս իրողության պայմաններում պետությունն ավելի ու ավելի է գահավիժելու և հարց է, թե ինչ կլինի մեկ-երկու տարի հետո, եթե մենք այս կարգավիճակում մնանք»,-ասաց Հարությունյանը:
Անդրադառնալով Արցախին սպառնացող վտանգներին, Բերձոր քաղաքի, Աղավնո և Սուս գյուղերի՝ մոտ ապագայում թշնամու վերահսկողության տակ անցնելուն, մեր զրուցակիցը նշեց. «Կարող ենք արձանագրել հերթական սարսափելի պարտությունը: Ակնհայտ է, որ տարվում է Արցախի հայաթափության գործընթաց: Ակնհայտ է նաև, որ ռուս խաղաղապահները հնարավորինս մեղմում են այդ գործընթացը, թեպետ իրենք ևս չունեն այն քանակն ու հնարավորությունները, որոնք ունեին մեկ տարի առաջ. Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունը մեծ ռեսուրսներ է պահանջում ՌԴ-ից»:
Քաղաքագետի խոսքով՝ մեզ մնում է սպասել է՛լ ավելի կոպիտ խախտումների Ադրբեջանի կողմից, ավելի մեծ հավակնությունների իրագործման, մեր կողմից ավելի մեծ զիջումների. «Թեպետ «մեր կողմից» բառակապակցությունն այդքան էլ տեղին չէ: Մեր, այսպես կոչված, իշխանություններին հրամայված է հանձնել այս կամ այն ճանապարհը, գյուղը: Մենք մեկ կամ երկու ամիսը մեկ նոր իրողություն ենք ունենում, և եթե բոլորը համադրենք, կտեսնենք, որ իրավիճակները շատ նման են իրար: Ավելի կոնկրետ՝ գահավիժում ենք, իսկ սպասումները շատ բացասական են»:
Ավելի վաղ Armenia Today-ի հետ զրույցում Աղավնոյի համայնքապետ Անդրանիկ Չավուշյանը հայտնել էր, որ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի բնակիչները պետք է մինչև օգոստոսի 25-ը լքեն գյուղը։
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր նաև, որ օգոստոսի 1-ինց սկսած Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան, ինչպես նաև Հայաստանի հետ կապող Բերձորի միջանցքի հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր։ Արցախում շփման գծի լարվածության հետևանքով վիրավորում են ստացել 19 զինծառայողներ, մահացու հրազենային վիրավորում՝ 2 պայմանագրային զինծառայողներ։
Նշենք նաև, որ օրերս ՀՀ-ում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունում պարզաբանել են հայ-իրանական պետական սահմանի հատվածում լարվածության ուժեղացման պատճառը՝ նշելով, որ վերջին շրջանում հայ-իրանական պետական սահմանի հատվածում լարված օպերատիվ իրավիճակ է ստեղծվել: Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց Սյունիքի մարզի Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը հայտնել էր, որ արդեն 8-9 ամիս է՝ Մեղրիի-Ագարակ ճանապարհի վրա ռուս խաղաղապահների կողմից 5 մոդուլային հենակետեր են տեղադրվել:
Աննա Բադալյան