Արցախ-Հայաստան այլընտրանքային ճանապարհի նոր երթուղին սկսվում է Տասը Վերստ բնակավայրից, ապա անցնում՝ Մեծ Շեն, Հին Շեն և Քաշաթաղի շրջանի Աղանուս համայնքի վարչական տարածքով և հասնում մինչև ՀՀ սահման: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը։
«Դեռևս կառուցված չէ դեպի Կոռնիձոր 11 կիլոմետրանոց ճանապարհահատվածը։ Մինչև այդ, ժամանակավորապես կանցնենք 4 կիլոմետրանոց գրունտային փոքր հատվածով, որը միանում է գործող մայրուղուն՝ Աղավնոյի հենց վերևում»,-ասաց Հայկ Խանումյանը՝ հավելելով, որ այլընտրանքային ճանապարհը կգործի միջանցքի տրամաբանությամբ:
Նախարարի հաղորդմամբ՝ ՀՀ սահմանից Կոռնիձոր ընկած ճանապարհահատվածը նախատեսվում է կառուցել մոտ 250 օրում:
Այլընտրանքային ճանապարհի անվտանգությունը գործելու է ներկայում Բերձոր-Աղավնոյով անցնող միջանցքի սկզբունքով. նոր երթուղու 5 կիլոմետրանոց հատվածում կտեղակայվի ռուսական խաղաղապահ զորախումբը։
Հայկ Խանումյանի տեղեկացմամբ՝ նոր միջանցքի գործարկմամբ Աղանուս համայնքի տարածքը դուրս կգա Ադրբեջանի վերահսկողությունից:
Անդրադառնալով սոցցանցերում առկա որոշ քննարկումներին, ըստ որոնց Բերձորի, Աղավնոյի և Ներքին Սուսի բնակչությանն արգելվել է հրդեհել տները, նախարար Խանումյանը նախ հիշեցրեց Շահումյանի շրջանի Չարեքտար համայնքի օրինակը, երբ բնակիչները հրդեհել էին տները, ինչից հետո պարզվել էր, որ բնակավայրը մնալու է Արցախի վերահսկողության ներքո:
«Ես դեմ եմ տները վառելուն: Արդեն մի անգամ Չարեքտարը վառել են, թյուրիմացաբար ասեմ, թե միտումնավոր, և այսօր 100 միլիոնավոր դրամներ ենք ծախսում այդ գյուղը վերականգնելու համար։ Ընդամենը մեկուկես տարի է անցել, ինչ Աղանուս համայնքի տարածքը հանձնվեց, բայց այսօր այդ համայնքի տարածքը վերադառնում է միջանցք. դուրս է գալու Ադրբեջանի վերահսկողությունից, բայց այնտեղ ամեն ինչ թալանված ու այրված է՝ սկսած առաջին պատերազմի տարիներից մինչև 2020 թվական: Մեղվաձոր, Հունանավան, Մելիքաշեն, Մարաթուկ բնակավայրերի մասին է խոսքը: Եթե բնակֆոնդը թողնեինք այդ միջանցքում, այսօր այդտեղ հանգիստ կարող էինք բնակեցում անել, բայց այսօր այնտեղ միայն պատեր են վառված ու ավերակներ: Եթե բնակֆոնդը պահպանված լիներ, ապա այդ միջանցքն այսօր հանգիստ կարող էինք բնակեցնել: Ներկայում այնտեղ միայն վառված պատեր են ու ավերակներ»,-ասաց Խանումյանը՝ նշելով, որ Աղավնոն շատ մոտ է գտնվում Արցախը ՀՀ-ին կապող նոր երթուղով նախատեսված միջանցքին և հայտնի չէ, թե մեկուկես, երկու տարի հետո ինչպես կփոխվի իրավիճակը:
Նշենք, որ Արցախի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանն էր օրեր առաջ հայտնել բնակիչներին, որ մինչև օգոստոսի 25–ը պետք է լքեն Աղավնոն ու Բերձորը։ Ըստ նախարարի՝ մինչև Արցախում և Հայաստանում բնակարան գնելը, բնակիչները կտեղավորվեն կացարաններում։
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առցանց ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ Բերձոր-Լաչինը շրջանցող նոր ճանապարհը շահագործելուց հետո ԼՂԻՄ-ի սահմանից դուրս գտնվող գյուղերը՝ Բերձորը, Աղավնոն ու Սուսն անցնելու են Ադրբեջանին:
Հիշեցնենք նաև, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 30-ին Արցախի Ազգային ժողովում հայտարարել էր, որ Լաչինի միջանցքի նոր երթուղու դեպքում Բերձորից պետք է դուրս գան, իսկ Աղավնոյի հետ կապված շարունակելու են բանակցությունները։ Իր հերթին՝ ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն ասել էր, որ Աղավնոյի բնակիչներին կտեղավորեն Հին շեն և Մեծ շեն համայնքներում։