Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր՝ 2022 թվականի օգոստոսի 3-ին հայտարարված մասնակի զորահավաքի շրջանակներում զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիների զորացրում կատարելու մասին:
Այս մասին հայտնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Արցախի ՊՆ-ն օգոստոսի 1-ին հայտնել է, որ ադրբեջանական զինուժը փորձել է խախտել շփման գիծը։ Արդյունքում՝ վիրավորվել է Արցախի պաշտպանության բանակի զինծառայող։ Ավելի ուշ ադրբեջանական ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը և ականանետերից և անօդաչու թռչող սարքերից կրակել ՊԲ դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով երկու զինծառայող զոհվել է, ևս 19-ը վիրավորվել։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի. 2022 թվականի օգոստոսի 3-ից հանրապետությունում հայտարարվել է մասնակի զորահավաք։ Դրանից հետո ՌԴ ՊՆ-ն հայտնել էր ադրբեջանական զինուժի կողմից տարածաշրջանում հրադադարի ռեժիմի կրկնակի խախտման մասին։