Համայնքի բնակիչները միշտ էլ հուսով էին, հույս ունեն, բայց պետությունն է, որ պետք է պաշտպանի պետական սահմանները, բնակիչների կյանքի անվտանգությունը, դժբախտաբար, չունենք «պետություն»։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում նշել է Արցախի Աղավնո համայնքի համայնքապետ Անդրանիկ Չավուշյանը՝ անդրադառնալով համայնքում առկա տրամադրություններին և բնակիչների հետագա ճակատագրին։
«Կա՞ր հայկական ծրագիր։ Ասում են՝ «Ապագա կա», ճիշտ են ասում, բայց չեն շեշտում՝ ո՞ւմ համար։ Որ ասում են՝ «Դուխով», ճիշտ են ասում, «Դուխ» պետք էր թուրքերին», – նշեց Չավուշյանը՝ հավելելով, որ վերջին տարիներին նպատակամղված կերպով բանակը կազմաքանդվեց։ Ըստ Չավուշյանը՝ այս գործընթացները կարող են կապված լինել նաև աշխարհաքաղաքական մեծ դերակատարների շահերի հետ։
Աղավնոյի համայնքապետը պնդում է, որ հաշտվողական չեն ներկա իրողությունների հետ, «վերջին պահին մի բան կլինի»։
Հարցին, թե պատերազմի հետո հայտարարվեց, որ Աղավնոն մնալու է հայկական կողմին, ինչո՞ւ հիմա ստացվեց այնպես, որ պետք է անցնի Ադրբեջանի հսկողությանը, Չավուշյանը նշեց. «Իմ կածիքով, իրենց խաբել են, կամ իրենք են խաբում. նորություն չէր՝ այս իշխանությունն ինչ ասել է՝ խաբել է։ Իրեն մանդատ տվել են, որ այս ամեն ինչը պատմական Հայաստանի մի մասը, որ արյամբ պահվել է, ինքը մեկ գրիչի հարվածով հանձնի։ Ես չեմ արադարացնում նաև Արցախի իշխանություններին»,-նշեց նա։
Անդրադառնալով այլընտրանքային ճանապարհին՝ Չավուշյանը նշեց, որ այն կառուցվեում է Հին Շենից մինչև Սյունիքի Կոռնիձոր համայնք։ «Ճանապարհը շրջանցելով Բերձորը՝ հասնում է Եղցահողի հատված։ 27 կմ շատ արագ կառուցեցին (ի նկատի ունի՝ ադրբեջանական կողմը – խմբ.), մնում է 7.5 կմ-ը։ Իմանալով, որ հայկական կողմը կարող է 7-8 տարվա մեջ կառուցի դա, ինքն արագ կառուցեց։ Այս երկու տարվա մեջ ի՞նչ էինք անում՝ գուշակելով, թե՞ Վանգայի վրա հույս դնելով։ Իրենք ամենաբարձր ստանդարտներով կառուցեցին ճանապարհը»,-նշեց համայնքապետը։
Ըստ նրա՝ Արցախի ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանը եռակողմ հայտարարության կողմերից փաստաթուղթ է ստացել և եկել բնակիչներին ներկայացրել է իրավիճակը։ «Եկել, ասել է՝ ուզում եք մնացեք, ուզում եք՝ դուրս եկեք, ես ձեր հետ եմ։ Ինքն ընդհամենը տարհանման պլան է իրականացնում»,-նշեց Աղավնոյի համայնքապետը։
Չավուշյանը նշեց, որ մոտ 200 բնակիչներ են տարհանվելու։ Նա տեղեկացրեց, որ հիմնականում վերաբնակներ են, մեծ մասը տեղափոխվելու են Հայաստան՝ Սյունիք, Երևան և այլն, մի մասն էլ Արցախ։ Տները չայրելու հետ կապված Չավուշյանը մեջբերեց Խանումյանին. «Ինքն ասեց, որ պետությունն է տվել տունը, հիմա էլ փոխհատուցում է, ինչո՞ւ ես այրում, սկզբունքը դա էր»։
Չավուշյանը նշեց նաև, որ այժմ ցուցակներ են կազմում, որոնք պետք է ներկայացվեն Արցախի ՏԿԵ-ին, թե բնակիչներից՝ ով որտեղ է տեղափոխվում, որպեսզի իրենք էլ փոխանցեն Հայաստանի իշխանություններին։
Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ օգոստոսի 5-ին Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում ԱՀ ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանը հանդիպել է Քաշաթաղի շրջանի բնակիչների հետ։ ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ տեղի բնակչության, համայնքի և շրջանի իշխանության ներկայացուցիչների հետ միասին Խանումյանը քննարկել է Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակչության՝ մինչև սույն թվականի օգոստոսի 25-ը տարհանման հարցերը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ այն տարածքները, որոնք չեն գտնվում նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում, անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Նա նշել է, որ խոսքը Բերձորի, Աղավնոյի և Սուսի մասին է։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 30-ին հայտարարեց, որ Բերձորում մեր հայրենակիցների ապրելու հնարավորությունը քիչ է համարում, իսկ Աղավնոյի համար պայքարելու են։