Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի 2022 թվականի օգոստոսի 3-ից հանրապետությունում հայտարարվել է մասնակի զորահավաք։
Օրեր անց Արցախից նոր հաղորդագրություն ստացվեց, ըստ որի Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր՝ 2022 թվականի օգոստոսի 3-ին հայտարարված մասնակի զորահավաքի շրջանակներում զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիների զորացրում կատարելու մասին:
Թե ինչով է պայմանավորված զորացրումը, հարցի վերաբերյալ Armenia Today-ը փորձեց պարզաբանում ստանալ ԱՀ նախագահի աշխատակազմից: ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը նշեց, որ նոր հրամանագրով օգոստոսի 3-ից զորակոչվածներն արդեն զորացրվում են: Ճշգրտող հարցին, թե մասնակի զորահավաքի հրամանագիրը չեղարկվո՞ւմ է, նախագահի մամուլի խոսնակն արձագանքեց.
«Ընդունվում է նոր հրամանագիր. հիմա մասնակի զորահավաքի մասնակիցները զորացրվում են»,- նշեց նա՝ հավելելով, որ մասնակի զորահավաքի մասնակիցների զորացրման հրամանագրի ստորագրման պատճառների մասին իրավասու չէ մեկնաբանություն տալ:
Հիշեցնենք, որ Արցախի ՊՆ-ն օգոստոսի 1-ին հայտնել է, որ ադրբեջանական զինուժը փորձել է խախտել շփման գիծը։ Արդյունքում՝ վիրավորվել է Արցախի պաշտպանության բանակի զինծառայող։ Ավելի ուշ ադրբեջանական ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը և ականանետերից և անօդաչու թռչող սարքերից կրակել ՊԲ դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով երկու զինծառայող զոհվել է, ևս 19-ը վիրավորվել։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի. 2022 թվականի օգոստոսի 3-ից հանրապետությունում հայտարարվել է մասնակի զորահավաք։ Դրանից հետո ՌԴ ՊՆ-ն հայտնել էր ադրբեջանական զինուժի կողմից տարածաշրջանում հրադադարի ռեժիմի կրկնակի խախտման մասին։