Օգոստոսի 25-ին Ադրբեջանի վերահսկողությանը հանձնվող Արցախի Հանրապետության Բերձոր, Աղավնո և Սուս բնակավայրերից մշակութային կոթողների տարհանումը կավարտվի հաջորդ շաբաթվա ընթացքում: Այս մասին հայտնել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը:
«Քաղպաշտպանության պլանի համաձայն, երբ որոշում կայացվեց, որ պետք է տարհանվի բնակչություն, բնականաբար պետք է տարհանվեին հուշակոթողները, նաեւ գրքային ֆոնդը` գրադարանները, թանգարանային ցուցանմուշներ: Հիմա տարհանված է Բերձորի քաղաքային գրադարանը` գրքային ֆոնդը, Ներքին Սուսի եւ Աղավնոյի հուշարձանները` մոնումենտալ արվեստի հուշակոթողները, խաչքարերը, նաեւ Բերձոր, Աղավնո ճանապարհին գտնվող հուշակոթողները մեծամասամբ , համարյա ամբողջապես ավարտված է նրանց տարհանումը, աշխատանքները շարունակվում են, ամենայն հավանականությամբ մյուս շաբաթվա ընթացքում կավարտվեն»,-ասաց նա:
Փոխնախարարի խոսքով` հուշակոթողներն ու խաչքարերը տեղափոխվել են Ստեփանակերտ, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի հետ արդեն կա պայմանավորվածոություն, որ մի մասը կտեղադրվեն Ստեփանակերտի Սուրբ Հովհաննես եկեղեցու մոտ ստեղծվող պուրակում, մյուսմասը Սուրբ Հակոբ եկեղեցու հարակից տարածքում:
«Առաջարկ կա, որ դրանք տեղադրվեն Արցախի պետական համալսարանի նորակառույց շենքի պուրակում, էլի կան առաջարկներ, որոնք կքննարկենք, բոլորը տեղափոխելուց հետո»,- նշեց նա:
Անդրադառնալով նրան, որ Ադրբեջանը արդեն հայտարարել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին մզկիթի վերածելու նախագծի մասին, Լեռնիկ Հովհաննիսյանը նշեց, որ իրենք բազմիցս դիմել են միջազգային կառույցների, որոնց արձագանքները հայտարարությունների տեսքով են զուտ լինում:
«Բացի խոսքերից մենք կոնկրետ գործնական քայլեր չենք տեսնում, իսկ ինչ վերաբերում է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցու եւ Աղավնոյի Սուրբ Նահատակաց եկեղեցուն ադրբեջանական մեդիայում արդեն շրջանառվում է նյութեր դրանց հետագա ճակատագրի վերաբերյալ: Իսկ կոնկրետ Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին մզկիթի վերածելու նախագիծ ընտրվել է հասարակական կազմակերպության կողմից, որը չեմ բացառում դառնա Ադրբեջանի պաշտոնական քաղաքականությունը»,- ասաց նա:
Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ օգոստոսի 5-ին Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում ԱՀ ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանը հանդիպել է Քաշաթաղի շրջանի բնակիչների հետ։ ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ տեղի բնակչության, համայնքի և շրջանի իշխանության ներկայացուցիչների հետ միասին Խանումյանը քննարկել է Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակչության՝ մինչև սույն թվականի օգոստոսի 25-ը տարհանման հարցերը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ այն տարածքները, որոնք չեն գտնվում նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում, անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Նա նշել է, որ խոսքը Բերձորի, Աղավնոյի և Սուսի մասին է։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 30-ին հայտարարեց, որ Բերձորում մեր հայրենակիցների ապրելու հնարավորությունը քիչ է համարում, իսկ Աղավնոյի համար պայքարելու են։