Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությունը:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, բանակցություններն անցկացվել են Մոսկվայի միջազգային անվտանգության հարցերով 10-րդ խորհրդաժողովի շրջանակներում:
Պապիկյանն ընդգծել է, որ այսօրվա հանդիպումն արդեն երկրորդն է տարեսկզբից, ինչը ցույց է տալիս հայ-ռուսական երկկողմ համագործակցության բարձր մակարդակը։
«Այս հանդիպումը շատ կարևոր է մեզ համար։ Մենք բարձր ենք գնահատում հայ-ռուսական համագործակցության մակարդակը, ինչպես նաև Ռուսաստանի ներկայության դերը Հարավային Կովկասում»,- ասել է ՀՀ ՊՆ ղեկավարը։
Իր հերթին՝ Շոյգուն վստահեցրել է, որ կողմերը քննարկելու հարցեր ունեն։
«Կան ավանդական հարցեր, որոնք վերաբերում են մեր ռազմատեխնիկական և ռազմական համագործակցությանը, և, իհարկե, մեր խաղաղապահ զորախմբի գործունեության հետ կապված հարցերը, որը կատարում է Լեռնային Ղարաբաղում առկա խնդիրները։ Մենք, ինչպես և դուք, վստահ ենք, որ հիմնական կայունացնող գործոնը շփման գծի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմի պահպանումն է»,- ասել է Շոյգուն։
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ասել էր, որ հայ հասարակությունը հարցեր ունի «Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողության բովանդակության և էության մասին», այդ թվում՝ կապված տարածաշրջանում վերջին սրացման հետ։ Փաշինյանը հորդորել էր ճշտել այս գործողության մանրամասները։