Ադրբեջանը հայտարարել է Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին մզկիթի վերածելու նախագծի մասին։ Այս մասին ահազանգում է Մշակութային ժառանգության պաշտպանության հանրային խորհուրդը:
«Նման ճակատագիր կամ ամբողջական բնաջնջման վտանգ է սպասվում նաև Աղավնո գյուղի Սրբոց Նահատակաց մատուռին»,- ասված է գրառման մեջ։
Հայտնի է, որ ըստ ծրագրի՝ կքանդվեն եկեղեցու գմբեթներն ու զանգակատունը, որոնց փոխարեն կկառուցվեն մինարեթներ: Ակնհայտ է, որ կվերացվեն նաև եկեղեցու վրա փորագրված հայերեն գրությունները: Այս մասին հրապարակայնորեն հայտնել է ֆաշիստական պետության առաջնորդ Իլհամ Ալիևը՝ Հադրութի Ծաղկեվանք եկեղեցի այցելելիս:
Նշենք, որ Ադրբեջանը չի թույլատրում ՅՈՒՆԵՍԿՕ-ի դիտորդների մուտք գործել Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածք, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է այդ երկրի ֆաշիստական նկրտումները:
Սուրբ Համբարձման եկեղեցին հայկական առաքելական եկեղեցի է Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքում։ Ներառված է Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի իրավասության մեջ: