Կառավարության շենքի մոտ հավաքված մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում՝ ի աջակցություն Բերձոր, Աղավնո և Սուս բնակավայրերի: Նրանք իրենց հետ բերել են պաստառներ՝ «Եղի՛ր պահանջատեր, պաշտպանի՛ր քո իրավունքները քո հողի վրա» գրությամբ:
Նրանք համոզված են, որ ցանկության դեպքում հնարավոր է իրավիճակը շտկել: Չեն վստահում ոչ մի իշխանության, որ մինչ այսօր եղել է ՀՀ-ում: Ասում են, որ անկուսակցական են ու կոչ են անում միանալ իրենց:
Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում ԱՀ ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանը հանդիպել է Քաշաթաղի շրջանի բնակիչների հետ։ ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ տեղի բնակչության, համայնքի և շրջանի իշխանության ներկայացուցիչների հետ միասին Խանումյանը քննարկել է Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակչության՝ մինչև սույն թվականի օգոստոսի 25-ը տարհանման հարցերը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ այն տարածքները, որոնք չեն գտնվում նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում, անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Նա նշել է, որ խոսքը Բերձորի, Աղավնոյի և Սուսի մասին է։