Արցախի ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանը Facebook-յան իր էջում տեղեկություններ է հաղորդել վերջին շրջանում Բերձորում տեղի ունեցած հրդեհների և դրանց հետևանքների վերաբերյալ։
«Քանի որ ապատեղեկատվությունը, ուղղորդված տեղեկատվական գրոհները չափն անցել են, հրապարակեմ մի քանի փաստ.
-Օգոստոսի կեսերին Աղավնոյի էլեկտրականությունն անջատվել էր Բերձորի ենթակայանից, Աղավնոն և Բերձորը սկսել էին էլեկտրաէներգիա ստանալ Ստեփանակերտից եկող գծով: Օրեր անց բռնկված հրդեհը վառել էր էլեկտրագծի սյուները, ոչնչացրել նոր քաշած գիծը:
-Բերձորում թալանվել էր տրանսֆորմատորների յուղը:
-Բերձորում բռնկված հրդեհը լուրջ սպառնալիքներ է ստեղծել ՀՀ-ից Արցախ եկող բարձավոլտ էլեկտրագծի համար:
-Աղավնոյի հատվածում թալանվել է օպտիկամանրաթելային մալուխը, ինչի պատճառով որոշ ժամանակ Արցախն առանց ինտերնետի էր:
-Մետաղի ջարդոն գողացողների կողմից թալանվել, ոչնչացվել էին կապի աշտարակները»,-տեղեկացրել է նա։
Խանումյանի փոխանցմամբ՝ Արցախի պետական մարմիններ բազմիցս կոչ են արել չհրդեհել տները, չքանդել, չթալանել ենթակառուցվածքները:
«Պետական կառույցներն ավելի շատ ինֆորմացիայի են տիրապետում և որոշումներ ընդունելիս ավելի շատ հանգամանքներ են հաշվի առնում, քան ֆեյսբուքյան ակտիվիստները: Եթե որոշումներն այդպես են ընդունվել, ուրեմն պետք է կատարվեն: Ցավոք, տեղեկատվական տեռորը զգալիորեն թուլացրել է պետական կառույցների մարտահրավերներին արձագանքելու ունակությունը (սա մեր կառավարման համակարգի թերություններից է)»,-նշել է նա։
Ըստ նրա՝ արդյունքում ստացվում է այնպես, որ ինչ-որ դասալիք «ակտիվիստ» կարող է նստել տաքսի, գալ Աղավնո կամ Բերձոր, հրդեհ հրահրի կամ հրդեհի տուն/տարածք, թողնի գնա, ու ինքն ավելի հայրենասեր լինի, քան պետական կառույցների աշխատակիցները, որոնք մտածում ու գործում են ենթակառուցվածքների անխափան գործունեության համար, իրենց ընտանիքներով ապրում են Արցախում, մասնակցել են պատերազմին և ամեն օր առնչվում են անվտանգային խնդիրների վերաբերյալ որոշումներ ընդունելուն կամ կատարելուն:
«Փաստերը, հանգամանքները վերլուծելու ունակության բացակայությունը սոցիալական ցանցերի մեր օգտատերերին կամ թե ակամա դարձրել են Արցախի պետական կառույցների դեմ մղվող տեղեկատվական պատերազմի զինվորներ»,-նշել է արցախցի պաշտոնյան՝ հավելելով, որ սա Արցախում կազմակերպչական ամենամեծ ներուժ ունեցող ուժի (պետական կառույցների) դեմ պատերազմ է:
Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ օգոստոսի 5-ին Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում ԱՀ ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանը հանդիպել է Քաշաթաղի շրջանի բնակիչների հետ։ ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ տեղի բնակչության, համայնքի և շրջանի իշխանության ներկայացուցիչների հետ միասին Խանումյանը քննարկել է Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակչության՝ մինչև սույն թվականի օգոստոսի 25-ը տարհանման հարցերը։