Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը չորեքշաբթի օրը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների արդյունքների ամփոփման ժամանակ ընդգծել է վերջինիս ներդրումը հանրապետության «տարածքային ամբողջականության վերականգնման գործում»:
«Կցանկանայի հատուկ նշել, որ հաղթական կերպով վերականգնելով տարածքային ամբողջականությունը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կանոնադրությանը և բանաձևերին համապատասխան, Ադրբեջանը թևակոխել է իր զարգացման նոր դարաշրջան։ Եվ դա Ադրբեջանի ազգային առաջնորդ, մեր եղբայրական երկրի նախագահ Իլհամ Ալիևի հսկայական անձնական վաստակն է», – ասել է Տոկաևը ԶԼՄ-ների համար արված հայտարարության մեջ։
Նրա խոսքով, որը մեջբերում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը, Ալիևի ղեկավարությամբ Ադրբեջանը ներկայումս նկատելի արդյունքների է հասնում իր զարգացման մեջ: «Մենք հետևում ենք ձեր երկրում այդ միտումներին, անկեղծորեն ուրախանում ենք», – հայտարարել է նա։
Տոկաևը նաև ընդգծել է, որ Ղազախստանն իր կողմից պատրաստ է որոշակի ավանդ ներդնել Արցախի օկուպացված տարածքների զարգացման գործում: «Այսօր տեղի ունեցավ մեր նվերի շնորհանդեսը։ Ղազախստանի ժողովրդի անունից հաջորդ տարվա վերջին Ֆիզուլի քաղաքում կկառուցվի Կուրմանգազայի անվան արվեստի դպրոցը», – նշել է այդ երկրի առաջնորդը։