Արցախից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ երթևեկությունը «Բերձորի միջանցք»-ով երկկողմանի բաց է և անվտանգ։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՆԳՆ ոստիկանությունը:
«Քաղաքացիների ազատ տեղաշարժն ապահովում են ռուս խաղաղապահները:
Միջանցքը կգործի մինչև ս.թ. օգոստոսի 31-ը ներառյալ։ Մինչ այդ, հաշվի առնելով քաղաքացիների մտահոգությունը, ՆԳ նախարարությունը օրվա կտրվածքով երկու անգամ կհրապարակի «Բերձորի միջանցքի» մասին թարմ տեղեկատվություն։ Այլընտրանքային նոր ճանապարհի վերաբերյալ կտրամադրվի հավելյալ տեղեկություն»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ Ադրբեջանը ռուս խաղաղապահների միջոցով տեղեկացրել էր, որ մինչև օգոստոսի 25-ը Քաշաթաղի շրջանի Լաչին քաղաքի, Աղավնո և Ներքին Սուս գյուղի բնակիչները լքեն իրենց տները։ Ադրբեջանական կողմն այս պահանջը ներկայացրել էր Հայաստանն Արցախին կապող նոր ճանապարհի՝ իր հատվածի շինարարությունն ավարտելու պատճառաբանությամբ։
Հիշեցնենք նաև, որ օգոստոսի 5-ին Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում ԱՀ ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանը հանդիպել էր Քաշաթաղի շրջանի բնակիչների հետ։ ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ տեղի բնակչության, համայնքի և շրջանի իշխանության ներկայացուցիչների հետ միասին Խանումյանը քննարկել էր Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակչության՝ մինչև սույն թվականի օգոստոսի 25-ը տարհանման հարցերը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ այն տարածքները, որոնք չեն գտնվում նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում, անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Նա նշել էր, որ խոսքը Բերձորի, Աղավնոյի և Սուսի մասին է։