Օգոստոսի 22-29-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 1932 զանգ, որից 1812-ը ճանաչողական բնույթի: Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Նշվում է, որ նախորդ շաբաթվա համեմատ կտրուկ աճել է հրդեհների քանակը, որը պայմանավորված է ջերմաստիճանի բարձրացմամբ և դրան զուգահեռ՝ քաղաքացիների անուշադրության հետևանքով: Շաբաթվա ընթացքում Հանրապետությունում հրդեհի 58 դեպք է գրանցվել, հիմնականում չոր խոտածածկույթներում և ենթատարածքներում: Հրշեջ փրկարարները ժամանակին իրականացրել են շիջման և մարման աշխատանքներ, նվազագույնի հացրել նյութական և գույքային կորուստները:
Շաբաթվա արտակարգ դեպքը գրանցվել է օգոստոսի 25-ին՝ Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծի 20 հասցեում, որտեղ տեղակայված են եղել մի քանի արտադրական ընկերություններ, այդ թվում՝ թթվածնային սարքավորումների արտադրամաս: Առաջացած հրդեհին անմիջապես հաջորդել է պայթյուններ, ինչը մայրաքաղաքում արտակարգ իրավիճակ է ստեղծել: ՆԳՆ ծառայողների շնորհիվ հնարավոր է եղել կանխել վտանգը:
Յոթ օրվա ընթացքում մայրաքաղաքի հարակից տարածքներից և շրջաններից հայտնաբերվել է տարբեր տեսակի ու տրամաչափի 218 ռազմամթերք: