Ռուբեն Վարդանյանը հայտարարել է Արցախ տեղափոխվելու և Արցախի անվտանգության և զարգացման ճակատ ստեղծելու որոշման մասին։ Նա ողջ աշխարհի հայությանը կոչ է արել միանալու հանուն Արցախի պայքարին, քանի որ Արցախը համարում է «հայության արմատներն ու հիմքը»։ «Մեզ՝ հայերիս համար հասել է գոյաբանական Սարդարապատի պահը։ Այն չենք զգում, ինչպես չենք զգում ճառագայթումը: Բայց եթե բոլորս միասին ուս ուսի չտանք, կկորցնենք այն, ինչ մեր հենարանն է», – ասել է Ռ. Վարդանյանը։
Նա ասել է նաև, որ հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից՝ որպես Հայաստանի քաղաքացի Արցախ գալու համար, «որովհետև այդպես է ճիշտ»։
Բացի այդ, Վարդանյանը դիմել է Ադրբեջանին՝ կոչ անելով դադարեցնել զսպանակը սեղմել. «Մենք թույլ չենք տա, որ դուք աստիճանաբար այստեղից դուրս մղեք հայերին։ Դա անհնար է»։
Վարդանյանը շնորհակալություն է հայտնել ռուսաստանցի խաղաղապահներին Արցախում: «Կարծում եմ, այդ մանդատը պետք է ամրապնդվի այնքան ժամանակ, քանի դեռ մենք պատրաստ չենք լինի ինքներս լիարժեքորեն ապահովել:
Արցախի ժողովրդի անվտանգությունը»,-ավելացրել է նա:
Վարդանյանը նաև համաշխարհային հանրության ուշադրությունն է հրավիրել 21-րդ դարում էթնիկ զտումների անթույլատրելիության վրա։
Ռուբեն Վարդանյանի սեպտեմբերի 1-ի տեսաուղերձը տեսագրվել է Արցախում, աշխարհի հնագույն ծառերից մեկի՝ ավելի քան 2000 տարեկան Տնջրի ծառի մոտ։
«Այսօր արցախցիները հոգեբանական ծանր ճգնաժամ են ապրում, վստահություն չունեն վաղվա օրվա նկատմամբ։ Երկու պատերազմ տարած և անկախության համար պայքարում իրենց հարազատներին ու մերձավորներին կորցրած արցախցիներն իրենց լքված ու մոռացված են զգում։ Կարծում եմ, որ 2020 թվականի պատերազմից հետո մենք՝ ողջ աշխարհի հայերս, պարտավոր ենք արցախցիների հետ լինել։ Մենք պետք է նրանց աջակցենք ոչ միայն խորհրդանշական կերպով, այլև օգնենք գործնական աշխատանքով։ Սա հայության կենտրոնն է, որը մեզ համար միշտ եղել է իրական զորության վայր, և մենք չենք կարող թույլ տալ, որ այն ամենը, ինչ հազարավոր տարիներ ստեղծել են մեր նախնիները, մոռացության մատնվի»,- ասել է նա
«Ուզում եմ դիմել մեր հարևաններին, որոնք հաճախ շատ ագրեսիվ հռետորաբանություն են գործածում. ուզում եմ նրանց ասել՝ դադարեցրեք սեղմել զսպանակը։ Սա վտանգավոր ու անհեռատես ճանապարհ է, և կիրառվող ուժն անպայման մի օր բումերանգի պես ետ կհարվածի։ Պետք է հասկանաք, որ մենք՝ հայերս, թույլ չենք տա, որ Արցախում էթնիկ զտումներ տեղի ունենան։ Մենք թույլ չենք տա, որ հայերին աստիճանաբար դուրս մղեք այստեղից։ Դա անհնար է, քանի որ սա հայության պատմական հայրենիքն է, սա հայոց ինքնության բնօրրանն է։ Այստեղ Մեսրոպ Մաշտոցը հիմնել է իր առաջին դպրոցը, որտեղ երեխաները սովորել են հայերեն տառերը։ Սա այն վայրն է, որտեղ թաղված են հազարավոր տարիներ այստեղ ապրած հսկայական թվով հայերի նախնիները։
Ուզում եմ երախտագիտությունս հայտնել Ադրբեջանում Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպաններին, որոնք չգնացին Շուշի ու Հադրութ՝ հստակ նշելով, որ կարգավիճակը որոշված չէ։ Համոզված եմ, որ Արցախի ապագա կարգավիճակը կարող է որոշել միայն միջազգային հանրությունը, որտեղ անպայման պետք է ներկայացված լինեն բուն Արցախի բնակիչները և Ռուսաստանը, Ֆրանսիան ու Ամերիկան»,- նշել է Վարդանյանը։
Դիմելով հայրենակիցներին՝ Վարդանյանն ասել է, որ այսօր մենք կանգնած ենք գրեթե նույն իրավիճակի առջև, ինչ 100 տարի առաջ, երբ հայությունը, ուժերը հավաքած, առաց զենք ունենալու հրաշք գործեց՝ Սարդարապատում կանգնեցնելով թշնամուն։ Սարդարապատը սոսկ ճակատամարտ չէ, այն ազգի վերածննդի և ամենադժվար ու օրհասական պահին պաշտպանվելու կարողության խորհրդանիշն է։ Հիմա համայն հայության համար վրա է հասել գոյաբանական Սարդարապատը։ Նո’ր Սարդարապատը։ Այն ռազմական չէ, այլ նման է ճառագայթման, որը չես տեսնում ու չես զգում, և քեզ թվում է, թե ոչինչ չի կատարվում։ Իրականում սակայն ճառագայթումը ոչնչացնում է ապրող ամեն բան: Մենք պետք է արթնանանք։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է ամեն բան անի, որ կասեցնի այս աղետը, որը մահացու է լինելու՝ անկախ նրանից, թե որտեղ ենք ապրում։
Նա տեղեկացրել է, որ երկու շաբաթ առաջ առաջարկել է ստեղծել Արցախի անվտանգության և զարգացման ճակատ՝ համախմբելու համար բոլոր հոգատար մարդկանց, ողջ հայությանը։
«Այսօր իշխանություններն ակնհայտորեն չունեն Արցախի խնդիրները լուծելու ռեսուրսներ կամ ցանկություն։ Միայն միասին, միավորված մեկ միասնական ճակատում, մենք կկարողանանք կասեցնել սողացող պատերազմը, որը շարունակվում է մի քանի տասնամյակ։ Միայն հզոր, զարգացած Արցախը, որտեղ մարդիկ հավատում են ապագային, կարող է դառնալ մի վայր, որտեղ երբեք չեն հնչի կրակոցներ»,- ասել է Վարդանյանը։
Միլիարդատեր Ռուբեն Վարդանյանի ռուսական ողջ ակտիվները ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելուց և Լեռնային Ղարաբաղ տեղափոխվելուց հետո կփոխանցվեն ընտանեկան հիմնադրամին։
«Ես ամեն ինչ կտամ գործընկերների ղեկավարությանը և կփոխանցեմ ընտանեկան հիմնադրամին», – РБК- ին ասել է Վարդանյանը՝ պատասխանելով իր ռուսական ակտիվների մասին հարցին։