Արցախ տեղափոխվելու որոշումը «հայկական նախագիծ է»,- Արցախի հանրային հեռուստատեսության եթերում ասել է գործարար Ռուբեն Վարդանյանը՝ ի պատասխան հաղորդավարի այն հարցի, թե ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելը և Արցախ տեղափոխվելը տարբեր կերպ է մեկնաբանվել։
Նրա խոսքով՝ իր տեղափոխվելը մեծ քայլ է, որն Արցախում ապրող մարդկանց ներշնչում է հույս և հավատ՝ ի հակազդություն Ադրբեջանի, որն ամեն բան անում է, որպեսզի մարդիկ Արցախից հեռանան։
«Այս քայլը ոչ թե արել եմ երեկ, այլ 2020 թվականին, երբ պատերազմի ժամանակ տեսա, թե Արցախում ինչ իրավիճակ է։ Ճգնաժամային իրավիճակ է, այսօր Արցախը Սարդարապատ է, և պետք է միանանք, մի բռունցք դառնանք և հարցեր լուծենք։ Պետք այնպես անենք, որ իրավիճակը դառնա կայուն ոչ թե մեկ տարով, այլ տասնյակ տարիներով։ Դրա համար հարկավոր է միասնականություն»,- ասել է Վարդանյանը։
Վարդանյանի խոսքով՝ ունենք խնդիրներ Հայաստանի մեջ, Սփյուռքի հետ, սակայն վախենում ենք բարձրաձայնել դրանց մասին։
«Առաջին քայլը լինելու է այն, որ Հայաստանից մեծ քանակությամբ մարդիկ գնան Արցախը տեսնեն։ Ես հասկացա, որ մեծամասնությունը չի եղել Արցախում, սա մեծ բացթողում է։ Մարդիկ չգիտեն, որտեղ է գտնվում Ամարասը, Մեսրոպ Մաշտոցի առաջին դպրոցը որտեղ է ստեղծվել»,- նշել է գործարարը։
Վարդանյանն ընդգծել է, որ վերջին 20 տարվա ընթացքում Արցախում իրականացրել է շուրջ 80 ծրագիր։ Ինչ վերաբերում է էկոտուրիզմի զարգացման ծրագրի դադարեցմանը, որի վրա մեծ գումար էին ծախսել, խնդիրն անվտանգությունն էր։
«Տեղի ունեցավ 2016 թվականի Քառօրյա պատերազմը։ Ես հասկացա, որ այս իրավիճակում՝ չապահովելով անվտանգության, չես կարող անել այն, ինչ ծրագրել ես։ Ծրագիրը կանգնեցրել ենք, գումարները ներդրել ենք տեխնոլոգիաների զարգացման և այլ ուղղություններոմ, որոնք կարևոր են ռազմական և պաշտպանության առումով»,- նշել է գործարարը
Վարդանյանը հավելել է, որ հանուն Արցախի հաջողության պատրաստ է ամեն քայլի։