Սեպտեմբերի 16-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Վաշինգտոնում հանդիպում է ունեցել ԱՄՆ Արևելյան շրջանի Հայ Դատի հանձնախմբի ղեկավար կազմի հետ՝ կազմակերպության գործադիր տնօրեն Արամ Համբարյանի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում են ԱՀ ԱԳՆ-ից:
Սեպտեմբերի 17-ին կայացել է նախարարի հանդիպում-քննարկումը ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի՝ դաշնային քաղաքականության վերաբերյալ սեմինարի մասնակիցների հետ:
Նույն օրը Վուդրո Վիլսոնի տուն-թանգարանում տեղի է ունեցել Արցախի անվտանգությանն ու ազատությանը նվիրված միջոցառում, որի ընթացքում նախարարը հանդես է եկել ելույթով։
Ներկաները մտքեր են փոխանակել Արցախի Հանրապետությունում տիրող իրավիճակին, արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին և ներհայկական կապերին վերաբերող թեմաների շուրջ։ Նախարարը կարևորել է Հայ դատի դերակատարությունը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման, համազգային խնդիրների լուծման, Արցախին մշտապես սատարելու գործում։ Միջոցառումներին մասնակցել են նաև ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։