Արցախի նախագահն արցախցիներին ուղղված իր ուղերձում անդրադարձել է 2020թ. նոյեմբերի 9-ից հետո Արցախում և դրա շուրջ ստեղծված իրավիճակին։
Արցախի նախագահը հայտնել է, որ հարյուրավոր տեղահանված, զոհվածների և այլ շահառու ընտանիքների բնակարանային կարիքներն արդեն բավարարվել են, լայն թափով շարունակվում է բնակարանաշինությունը:
«Նախատեսում ենք մինչև 2025 թվականը բնակարանով ապահովել բոլոր կարիքավոր ընտանիքներին: Բացի բնակարանաշինական ծրագրերից, իրականացրել ենք աննախադեպ ծավալի ճանապարհաշինություն և այլ ենթակառուցվածքային ծրագրեր, իսկ մինչև 2025 թվականը բոլոր բնակավայրերում ապահովելու ենք շուրջօրյա ջրամատակարարում և ճանապարհների ասֆալտապատում: Իրականացրել և շարունակում ենք պատերազմից տուժած բազմաթիվ անձանց նյութական վնասների դիմաց աջակցության տրամադրման աշխատանքները, տասնյակ հազարավոր անձինք արդեն օգտվել են վարկային պարտավորությունների դիմաց ցուցաբերվող ֆինանսական աջակցությունից, մեծածավալ սոցիալական աջակցություն է ցուցաբերվել և կցուցաբերվի շուրջ 40,000 տեղահանված անձանց:
Ինչ վերաբերում է պետական բյուջեին, ապա ընթացիկ տարվա բյուջեի ծախսային մասը նախատեսում ենք շուրջ 221 միլիարդ դրամ, որից միայն սոցիալական բնույթի ծախսերը 119 միլիարդ դրամ են, որը 5 միլիարդով ավելին է 2019 թվականի պետբյուջեի ամբողջ ծախսային մասից: Այս առումով հատկանշական է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հետպատերազմյան ժամանակահատվածում ցուցաբերված աննախադեպ աջակցությունը, որը միայն ընթացիկ տարում կազմում է 164 միլիարդ դրամ: Կուզեի առանձնահատուկ նշել նաև ողջ հայության կողմից տրվող շարունակական աջակցությունն Արցախին, որի գլխավոր խողովակը «Հայաստան» համահայկական հիմնադրամն է՝ իր մեծածավալ ծրագրերով»,-հայտնել է Հարությունյանը։
Ըստ նրա՝ հետպատերազմյան ժամանակահատվածում զգալի հաջողություններ են արձանագրվել տնտեսության վերականգնման ուղղությամբ, մեկնարկել են որոշ խոշոր նախագծեր, մեծապես աճել են սեփական հարկային եկամուտները:
«Նշեմ, որ 2022 թվականի բյուջեի սեփական եկամուտները կկազմեն շուրջ 45 միլիարդ դրամ, որը զգալիորեն կգերազանցի 2017 թվականի ցուցանիշը և մոտ է 2018 թվականի ցուցանիշին, ինչն արտացոլում է տնտեսական ակտիվության դրական միտումները»,-նշել է նա։
Հարությունյանը հայտնել է, որ արդեն մեկնարկել են Նախագահին կից հանրային խորհրդի ձևավորման աշխատանքները, որը լրացուցիչ հարթակ է դառնալու հանրությանը հուզող հարցերը վերհանելու և դրանց անդրադառնալու համար:
«Այդ և այլ հնարավոր մեխանիզմները պետք է կիրառենք նաև բարձրացնելու պետական մարմինների գործունեության հանդեպ հանրային վերահսկողության արդյունավետության մակարդակը:
Ուզում եմ ընդգծել այդ առումով իմ գլխավոր որոշումներից մեկը՝ Նախագահին կից ձևավորելու քաղաքական խորհուրդ, որում կհրավիրեմ ընդգրկվել Արցախի քաղաքական համակարգի բոլոր հիմնական դերակատարներին՝ նախկին Նախագահներից ու այլ առանցքային պաշտոնատար անձանցից մինչև խորհրդարանական ու արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարներ: Հաշվի առնելով, որ Արցախը կանգնած է ճակատագրական մարտահրավերների, գործընթացների ու որոշումների առջև՝ Քաղաքական խորհուրդը կդառնա բոլոր հիմնական արտաքին ու ներքին քաղաքական հարցերի քննարկման, անելիքների հստակեցման ու բաշխման հարթակ՝ ապահովելով միասնական ու ներառական միջավայր բոլոր հիմնական քաղաքական ներկայացուցչական խմբերի ու փորձառու դերակատարների համար»,-հայնել է Հարությունյանը։