Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է իր կողմից կայացված կարևոր որոշման մասին, ըստ որի Ռուբեն Վարդանյանին առաջարկել է ստանձնել պետնախարարի պաշտոնը։
«Բարերար, մեծ փորձ ու գիտելիքներ ունեցող հանրային գործիչ Ռուբեն Վարդանյանին, ում Արցախ տեղափոխվելու որոշումն առաջիններից մեկն եմ ողջունել, առաջարկել եմ ստանձնել Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնը՝ պատրաստ լինելով նրան տրամադրել որոշումներ կայացնելու և գործելու լայն լիազորություններ»,- հայտնել է Արայիկ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ Ռուբեն Վարդանյանի մասին կարելի է երկար գրել՝ անդրադառնալ նրա համարձակ որոշումներին, նվիրվածությանը Հայրենիքին ու ժողովրդին։
«Բայց այսօր միմիայն գործելու ժամանակն է, ուստի սպասում եմ առաջարկիս վերաբերյալ նրա որոշմանը: Հուսով եմ՝ մեր համագործակցությունը կսկսենք առաջիկա շաբաթներին, որին առնչվող այլ մանրամասների մասին կհայտնեմ հաջորդիվ»,- ասել է Արցախի նախագահը:
Նա շեշտել է, որ սա չի նշանակում, թե գործող պետնախարար Արտակ Բեգլարյանի աշխատանքն արդյունավետ չի գնահատում, բայց հաշվի առնելով առկա մարտահրավերները՝ անհրաժեշտ է համարում համազգային բոլոր ջանքերի միավորումը: