Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները զանգահարում են Արցախի պետական կառույցների կայքերում առկա հեռախոսահամարներին և մոտակա օրերին ՌԴ խաղաղապահ ուժերի Արցախից դուրս գալու վերաբերյալ կեղծ լուրեր են տարածում՝ նպատակ ունենալով խուճապ տարածել բնակչության շրջանում։
ԱԱԾ-ն առաջիկա օրերին չի բացառում նաև պետական կառույցների կայքերի վրա հաքերային հարձակումները։
«ԱՀ ԱԱԾ-ն համապատասխան քայլեր է ձեռնարկում հնարավոր զարգացումները կանխարգելելու համար: Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի և հետևել միայն պաշտոնական լրահոսին: Կասկածելի բովանդակությամբ զանգեր ստանալու դեպքում դիմեք ԱՀ ԱԱԾ պաշտոնական կայքէջին կամ զանգահարեք թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26»,- նշում են ծառայությունից: