Արցախում նախատեսում են հանրահավաք անցկացնել Արցախի ինքնորոշման իրավունքի և արցախահայության՝ իրենց անզիջում դիրքորոշումը ներակայացնելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկանում ենք միջոցառման կազմակերպիչ Տիգրան Պետրոսյանի Facebook-յան գրառումից։
Միջոցառումը նախատեսված է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում՝ այսօր, ժամը 19:00-ին։
Նշվում է, որ հանրահավաքի գլխավոր նպատակը արցախահայության` հստակ եւ անզիջում դիրքորոշումը հասցնելն է միջազգային հանրությանը։
«Արցախը չի ընդունի եւ չի ճանաչի ոչ մի փաստաթուղթ`Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչող։ Իլհամ Ալիեւը Պրահայում հայտարարեց, որ Արցախի հայերը Ադրբեջանի քաղաքացիներ են, իսկ ովքեր համաձայն չեն, կարող են գնալ որտեղ ուզում են։
Ալիևյան ռեժիմը տեսախցիկի առջեւ հայ ռազմագերիներին դաժան մահապատժի է ենթարկում, կանանց եւ նրանց մարմինները բռնության ենթարկում եւ խոշտանգում, ռմբակոծում է խաղաղ բնակավայրերը, և այդ ամենի ֆոնին նրա հայտարարությունը նշանակում է ոչ մի այլ բան, քան էթնիկ զտում։ Սակայն «կիրթ» աշխարհը նախընտրում է կույր մնալ եւ չնկատել այդ բոլոր հանցագործությունները, քանի որ վախենում է մրսել ձմռանը, իսկ մենք չենք վախենում։ Մենք մրսել ենք քանի՜ ու քանի՜ ձմեռ մեր անկախության ու մեր ազգային ինքնորոշման իրավունքի իրացման համար պայքարելիս և պատրաստ ենք շարունակել այդ պայքարը։
Բոլոր նրանք, ովքեր համաձայն չեն ապրել թշնամու հետ մեկ պետության կազմում, եկեք այսօր Վերածննդի հրապարակ»,-հայտարարել է միջոցառման կազմակերպիչը։