Երևանի և Բաքվի միջև խաղաղ պայմանագրի հնարավոր ստորագրումը չի նշանակի Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտը, համաձայնագրի շրջանակներից դուրս կմնան մի շարք առանցքային հարցեր: Այս մասին Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Ստանիսլավ Պրիտչինը։
Պատասխանելով Պրահայում բանակցությունների արդյունքների մասին հարցին՝ նա նշել է, որ Հայաստանը շատ բանով պարտվել է, երբ համաձայնում էր նման հանդիպմանը, քանի որ ստացվել է, որ Ադրբեջանն այնտեղ շատ ավելի ուժեղ դիրքեր է ունեցել: «Նախ, Շառլ Միշելը բավական սերտ հարաբերություններ ունի Իլհամ Ալիևի հետ, և Եվրամիությունն ի դեմս նրա ավելի ադրբեջանամետ դիրքորոշում էր ներկայացնում։ Էրդողանի ներկայությունը, իհարկե, ուժեղացնում էր Ադրբեջանի դիրքորոշումը և, ըստ էության, միայն Մակրոնն էր միանշանակ աջակցում Հայաստանին այդ բանակցություններում։ Ընդհանուր առմամբ ստացվում էր, որ Հայաստանը, համաձայնելով նման ձևաչափի, ի սկզբանե իրեն դրել է բավական բարդ իրավիճակի մեջ», – ասել է նա։
Մեկնաբանելով բանակցությունների արդյունքում ընդունված հայտարարության կետը, որի համաձայն կողմերն ընդունում են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը որպես հիմք, Պրիտչինը կարծիք է հայտնել, որ խոսքը վերաբերում է իրավաբանական կազուսին, երբ փորձ է արվում գտնել այն միջոցը, ինչը վաղուց ճանաչվել է ստատուս-քվոյի ընդունումից ի վեր:
Պատասխանելով մինչև տարեվերջ խաղաղ պայմանագրի հնարավոր ստորագրման մասին հարցին՝ փորձագետն ասել է, որ խաղաղ պայմանագիրը պետք է լինի վերջնական փաստաթուղթ, որը կճանաչի հարաբերությունների երկկողմ կարգավորման բոլոր հարցերը, ենթադրում է նաև տարածքային բոլոր հարցերի լուծում: Որպես օրինակ նա բերել է Ռուսաստանն ու Ճապոնիան։
Նա նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի դեպքում մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրումը տեսականորեն հնարավոր է, այնուամենայնիվ, կասկած հայտնելով, որ ի վերջո դա տեղի կունենա։ Փորձագետի խոսքով, նման փաստաթղթի ստորագրումը բոլորովին չի նշանակում, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցը կավարտվի, քանի որ համաձայնագրի ստորագրումը, առաջին հերթին, կլուծի միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը: Պրիտչինը նշել է, որ այդ նպատակը Բաքուն հետապնդում է բոլոր բանակցություններում, Ադրբեջանի համար դա հիմնական խնդիրն է՝ փակել Լեռնային Ղարաբաղի հարցը։
«Ինքնին այդ հարցի ճանաչումն ու փակումը չի նշանակում դրա միանշանակ լուծում, որովհետև միանգամից հարց է առաջանում՝ իսկ ինչպես է տեղի ունենալու հետագա ինտեգրումը։ Ադրբեջանը մի կողմից խոսում է այն մասին, որ պատրաստ է Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչությանը ճանաչել որպես Ադրբեջանի քաղաքացիներ, այդ ժամանակ հարց է առաջանում, թե ում կվերաբերի լյուստրացիան, ում կվերաբերի ֆիլտրացումը։ Մյուս կողմից, Ադրբեջանն ասում է, որ ներկայիս Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը ոչ լեգիտիմ է և մասնակցել է Ադրբեջանի քաղաքացիական բնակչության ոչնչացմանը, համապատասխանաբար, ադրբեջանական արդարադատության տակ է ընկնում Լեռնային Ղարաբաղի բնակչության զգալի մասը, և դա հարցեր է առաջացնում այն առումով, թե որքանով նրանք կարող են դառնալ Ադրբեջանի իրական քաղաքացիներ և որքանով նրանք կարող են իրապես ինտեգրվել առանց որևէ հետևանքների: Սա մեծ հարց է», – ասաց նա։
Քաղաքագետի կարծիքով՝ խաղաղ պայմանագրի շրջանակներից դուրս է մնում նաև սահմանների հարցը։ Նա նշել է սահմանի գոյություն ունեցող «գորշ» կարգավիճակը, երբ, ըստ նրա, անհասկանալի է, թե որտեղ է Հայաստանի տարածքը և որտեղ Ադրբեջանինը։ 30 տարի այդ տարածքը եղել է Հայաստանի վերահսկողության տակ, և ոչ ոք նույնիսկ չի մտածել, թե որտեղ է իրական ադրբեջանական շրջանների տարածքը, իսկ որտեղ է Հայաստանը, ասել է փորձագետը։
«Ըստ այդմ, այսօրվա դրությամբ այդ հարցը լուծված չէ, և որքանով մենք տեսնում ենք, դելիմիտացիոն հանձնաժողովը փոխվարչապետների մակարդակով հանդիպում է մի քանի ամիսը մեկ, և փաստացի այդ խմբի աշխատանքը տեղի է ունենում առանց առաջընթացի։ Թեև, հաշվի առնելով այդ սահմանի երկարությունը, կոնֆլիկտային հարցերի քանակը, այն պետք է մշտապես աշխատի տեղագրումների, փորձագետների, սահմանապահների մակարդակով։ Այդ պատճառով այստեղ մեծ հարց է, թե որքանով խաղաղ պայմանագրի ստորագրումը կարող է սկզբունքորեն լուծել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցը», – ընդգծել է նա։
Պրիտչինի խոսքով, բաց է մնում նաև տրանսպորտային միջանցքների հարցը, քանի որ Ադրբեջանի համար հիմնական խնդիրը Նախիջևանի հետ ցամաքային կապ ստանալն է: Նա հիշեցրել է, որ հրադադարի մասին հայտարարության շրջանակներում, որը ստորագրվել էր 2020թ.-ի նոյեմբերին, ենթադրվում է, որ ճանապարհի անվտանգությունն ապահովում են ռուս սահմանապահները: Փորձագետն ընդգծել է, որ, համապատասխանաբար, դա Ադրբեջանի համար թիվ մեկ հարցն է։
Նա հիշեցրել է, որ հայտարարության մեջ ամրագրված է նաև այլ տրանսպորտային միջանցքների բացումը, որոնք կարևոր են Հայաստանի համար և, ըստ նրա, համապատասխանաբար, այստեղ հարցեր են ծագում ենթակառուցվածքի պատրաստվածության, նորմատիվ փաստաթղթերի մշակման վերաբերյալ, որոնք կլուծեն սահմանների հատման, մաքսային զննման, բեռների ապահովագրության հարցը: Այդ ասպեկտները պետք է լուծել խաղաղ պայմանագրի շրջանակներից դուրս, որը հարկավոր է ստորագրել մինչև այս տարվա վերջը, նշել է Պրիտչինը:
«Այդ պատճառով այստեղ մի կողմից Ռուսաստանի համար կարևոր է հարաբերությունների կարգավորումը, որովհետև և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը կարևոր գործընկերներ են, բայց միևնույն ժամանակ կարևոր է, որ դա տեղի ունենա ռուս խաղաղապահների պատասխանատվության շրջանակներում, որոնք այնտեղ են գտնվում՝ հաշվի առնելով ռուսական շահերը, հաշվի առնելով այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել կողմերի միջև 2020թ.-ի նոյեմբերին և այն ճանապարհային քարտեզը, որն ի սկզբանե առաջարկվել էր Ռուսաստանի կողմից», – ընդգծել է փորձագետը։
Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ հայտարարություն են ընդունել հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հանդիպման արդյունքների վերաբերյալ:
Հայտարարության համաձայն, Հայաստանը իր համաձայնությունն է հայտնել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով եմ քաղաքացիական առաքելության խրախուսման վերաբերյալ: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով։ Առաքելության նպատակն է լինելու ամրապնդել վստահությունը և աջակցել սահմանային հանձնաժողովներին իրենց զեկույցների միջոցով։