Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը այս օրերին գտնվում է ՀՀ- ում և հանդիպումներ է ունենում ՀՀ բարձրագույն քաղաքական ղեկավարության հետ։
Քննարկվում են ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությանը, տարածաշրջանային վերջին զարգացումներին և ներհայկական կապերին վերաբերող հարցեր, տեղեկացնում են Ացախի խորհրդարանի մամուլի ծառայությունից։
«Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Արցախի Հանրապետության պատվիրակությունը, ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի առաջնորդությամբ, հանդիպում է ունեցել ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ և քննարկել վերոնշյալ խնդիրներին առնչվող հարցեր։
Արցախի պատվիրակությունը ներկայացրել է պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը ՀՀ ԱԽ քարտուղարին։
Արցախի Հանրապետության պատվիրակությունն ընդգծել է, որ Արցախի համար «կարմիր գիծ» է ցանկացած փորձ, որը կդիտարկի Արցախի ապագան Ադրբեջանի կազմում’ շեշտելով, որ Արցախը հավատարիմ է մնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով բանակցային գործընթացի վերսկսմանը’ պաշտոնական Ստեփանակերտի մասնակցությամբ»,- նշված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «Հանրային» հ/ը եթերում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպման արդյունքների վերաբերյալ հայտարարել էր. «Բանակցությունների մոտեցումն այն է, որ խաղաղության պայմանագրով մենք կարգավորում ենք Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները, իսկ ԼՂ մասով մենք շարունակում ենք բանակցել ինչպես մեր գործընկերների հետ, այնպես էլ բոլոր խաղացողների հետ՝ ԼՂ-Ադրբեջան բանակցային մեխանիզմ ստեղծելու ուղղությամբ»։