Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությանը:
Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ներկայիս մարտահրավերներն ու հնարավորությունները:
Նախագահ Խաչատուրյանն իր խոսքում մասնավորապես նշել է. «Մի փաստ պետք է արձանագրել, որ Հայաստանի իշխանությունները, բոլոր ներկայացուցիչները որևէ որոշում չեն կարող իրականացնել ձեր ետևում կամ ձեզանից գաղտնի պահել, ցանկացած քննարկման ժամանակ, ես տեղյակ եմ, եթե նույնիսկ ներկա չեմ ծանոթանում եմ բոլոր փաստաթղթերին, Լեռնային Ղարաբաղի, Արցախի հարցը միշտ բարձրացվում է և օրակարգում կա, մեր օրակարգում այդ խնդիրը չի կարող չլինել: Մենք ուղղակի պետք է լուծման տարբերակը միասին քննարկենք և մեր քաղաքացիներին հասանելի դարձնենք, թե մենք ինչպես ենք պատկերացնում ապագան»:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել նախագահին ընդունելության համար, ընդգծել, որ միշտ տեղյակ է լինում հիմնախնդրի կարգավորման շուրջ առկա քննարկումներին և հնարավոր տարբերակներին:
Հանդիպման ընթացքում Արայիկ Հարությունյանը նախագահ Խաչատուրյանին է ներկայացրել Արցախում տիրող ընդհանուր իրադրությունը: Քննարկվել է անվտանգային և օրակարգային հարցերի լայն շրջանակ:
Նշենք, որ «Պրագյան» հանդիպումից հետո Հայաստան է այցելել Արցախի պատվիրակությունը, որը հանդիպումներ է ունենում ՀՀ իշխանությունների և քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։