«Փաստ» օրաթերթը գրում է. «Մենք առիթ ունեցել ենք անդրադառնալ այն փաստին, որ Արցախում լուրջ դժգոհություններ կան՝ կապված Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակության երևանյան այցից, մասնավորաբար՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից և, ընդհանրապես, վերջինիս՝ Արցախի հարցում վարած քաղաքականության հետ»։
Թերթը գրում է, որ ըստ տեղեկությունների, Երևանում վերջին հանդիպման ժամանակ Փաշինյանն Արցախի պատվիրակությանը բաց տեքստով հայտնել է, որ ինքն այլևս Արցախի հարցում որևէ բան չի կարող անել։
»Ընդհանրապես, վերջին շրջանում իշխանության ներկայացուցիչները պարզ հասկացնում են, որ Արցախի հարցի պատասխանատուներն Արցախի իշխանություններն են ու Ռուսաստանի Դաշնությունը: «Փաստ» թերթի արցախյան աղբյուրի փոխանցմամբ, Արցախում չեն պատրաստվում ձեռքները ծալած նստել և կոնկրետ քայլեր են նախապատրաստում»,- գրում է թերթը։
«Փաստի» տեղեկություններով՝ առաջիկա օրերին Արցախից պատվիրակություն է պատրաստվում մեկնել Մոսկվա՝ ՌԴ քաղաքական ղեկավարության հետ հանդիպելու նպատակով։ Թերթի աղբյուրը հայտնում է նաև, որ հավանական է համարվում հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: