Ռուբեն Վարդանյանը նոյեմբերի սկզբին կստանձնի Արցախի պետական նախարարի պաշտոնը։ Այս մասին հասարակական-քաղաքական գործիչը գրել է Ֆեյսբուքի իր էջում։
Նրա խոսքով՝ Հայաստանի և Արցախի շուրջ ծավալվող քաղաքական զարգացումները, Արցախի խնդրի լուծման շուրջ սրվող իրավիճակը, որից, առանց չափազանցության, կախված են և՛ Հայաստանի, և՛ Հայկական աշխարհի ճակատագրերը, չափազանց մտահոգում են իրեն:
«Ես գիտակցում եմ, որ այլևս երկար մտածելու ժամանակ չկա, և այս իրավիճակում այլ ճանապարհ չունեմ, քան արցախցիների կողքին լինելն ու Արցախի ապագայի նկատմամբ իմ բաժին պատասխանատվությունն ստանձնելը։
Մեկուկես ամսվա ընթացքում Արցախի քաղաքական ու հասարակական գործիչների, տարբեր շրջանների և սոցիալական տարբեր խմբերի ներկայացուցիչների հետ հանդիպումներն ու շփումներն ինձ համոզեցին, որ մարդիկ աջակցում են Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնում իմ թեկնածությանը և հանձինս ինձ ուզում են տեսնել պատասխանատու առաջնորդի, որն իր շուրջը կհամախմբի բոլոր առողջ ուժերին և կղեկավարի երկիրը ճգնաժամից հանելու իրական աշխատանքները»,- հայտնել է Վարդանյանը։
Նա տեղեկացրել է, որ նոյեմբերի սկզբին պաշտոնապես կստանձնի Արցախի պետական նախարարի պաշտոնը և այդ ժամանակ կներկայացնի իրենց ռազմավարական նպատակները, լուծման ենթակա առաջնահերթ խնդիրները, ինչպես նաև կտեղեկացնի ձեռնարկվելիք առաջին քայլերի մասին։ Մինչև հոկտեմբերի վերջ Վարդանյանը կշարունակի թիմի և իրենց ծրագրերի ձևավորմանն ուղղված հանդիպումները։
Ավելի վաղ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացրել էր իր կողմից կայացված կարևոր որոշման մասին, ըստ որի Ռուբեն Վարդանյանին առաջարկել է ստանձնել պետնախարարի պաշտոնը։