Արցախը երբեք չի եղել և չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում, հենց այս գաղափարը պետք է լինի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում։ ԱՀ ԱԺ արտահերթ նիստում Արցախի խորհրդարանի հայտարարությունը ներկայացնելով՝ այս մասին նշեց ԱՀ ԱԺ պատգամավոր Արեն Ավագյանը, որի որդին՝ Արտյոմ Ավագյանը, ևս նահապատկվել է Արցախյան վերջին պատերազմում:
«Ցանկացած փորձ՝ Արցախը բռնակցելու Ադրբեջանին, կհանդիսանա միջազգային իրավունքի կոպտագույն խախտում և հայ ժողովրդի նոր ցեղասպանության իրագործման պաշտոնական արտոնագիր, հետևաբար նման բովանդակությամբ փաստաթղթերը ԱՀ-ի համար անընդունելի են։ ՀՀ ո՛չ մի իշխանություն իրավունք չունի հրաժարվել Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու առաքելությունից կամ ընդունելի համարել որևէ փաստաթուղթ, որտեղ ինքնիշխան Արցախի Հանրապետության գոյությունը կասկածի տակ կդրվի։ Պահանջում ենք ՀՀ իշխանություններից՝ միջազգային հարթակներում հանդես գալ հայկական երկու հանրապետությունների միասնական շահերը պաշտպանելու դիրքերից՝ հիմք ընդունելով առկա հիմնարար փաստաթղթերը, մասնավորապես՝ ՀՀ Անկախության հռչակագիրը և Գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի պատմական որոշումը»,-մեջբերելով հայտարարությունը՝ ասաց Արեգ Ավագյանը:
Նա նշեց, որ կոչ ենք անում աշխարհասփյուռ հայությանը՝ շարունակել սատարել Արցախին:
«Արցախի Հանրապետությունը կողմնակից է կայուն խաղաղությանը և, հետևաբար, նաև խաղաղության պայմանագրի ստորագրմանը միտված քայլերին, սակայն ՀՀ իշխանությունները պետք է վերապահումով մոտենան Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմանը՝ հաշվի առնելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելու հանգամանքը։ ԱՀ ինքնիշխանությունը, մեր ինքնորոշման իրավունքը և դրա իրացման փաստը կասկածի տակ դնող ցանկացած փաստաթուղթ և առաջարկ, մեզ համար անընդունելի է քանի որ այն չի արտացոլում պատմաիրավական իրողությունները։ Միջազգային հանրությունը պարտավոր է հարգել արցախահայության պահանջը, քանզի այն համապատասխանում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին և նորմերին»,-ասաց նա:
Այս հայտարարությամբ ԱՀ ԱԺ-ն դիմեց Ռուսաստանի Դաշնությանը` Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու հանձնառությունը շարունակելու խնդրանքով:
«Այն ամրապնդելու նպատակով առաջարկում ենք, հաշվի առնելով Արցախի ժողովրդին սպառնացող գոյաբանական իրական վտանգները, ներդնել քաղաքական և ռազմական լրացուցիչ մեխանիզմներ»,-մեջբերեց պատգամավորը:
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի քաղաքական բոլոր ուժերի նախաձեռնությամբ այսօր՝ հոկտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ից, տեղի է ունենում Ազգային ժողովի արտահերթ նիստ և հանրահավաք՝ նվիրված Արցախի Հանրապետության արժանապատիվ ու անվտանգ ապագային: Ինչպես ավելի վաղ էր հայտարարվել, նիստն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվում է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում միաժամանակ հրավիրված մեծ հանրահավաքի առջև:
Հանրահավաքն ու ԱԺ արտահերթ նիստը վաղը Սոչիում սպասվելիք Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպմանն ընդառաջ են:
Մանրամասները՝ տեսանյութում: