Արցախի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար կնշանակվի պետնախարար Արտակ Բեգլարյանը, որն այս պաշտոնում կփոխարինի Անահիտ Հակոբյանին, գրում է «Իրավունք» թերթը։
Հրապարակման համաձայն՝ Ռուբեն Վարդանյանն արդեն սկսել է նոր իշխանական ապարատի ձևավորումը և լուրջ կադրային փոփոխություններ է իրականացնելու։
Հրապարակման մեջ նշվում է, որ Վարդանյանին տրվելու են բավականին լայն լիազորություններ։ Նա վերահսկելու է ամբողջ ֆինանսատնտեսական դաշինքը, իսկ ուժայիններն ու ՊԲ-ն կմնան նախագահ Արայիկ Հարությունյանի ենթակայության տակ։
Սեպտեմբերի 1-ին գործարար Ռուբեն Վարդանյանը հայտարարել էր Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու և Արցախ տեղափոխվելու իր որոշման մասին։ Վարդանյանը հայտարարել էր նաև Արցախի անվտանգության և զարգացման ճակատ ստեղծելու ծրագրերի մասին։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 4-ին Վարդանյանին առաջարկել էր ստանձնել պետնախարարի պաշտոնը։ Հոկտեմբերի 20-ին Վարդանյանը հայտարարել էր, որ նոյեմբերի սկզբին պաշտոնապես կզբաղեցնի Արցախի պետական նախարարի պաշտոնը։