Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ պատրաստ է առավելագույնս աջակցել պետական նախարարի պաշտոնում Ռուբեն Վարդանյանի գործունեությանը: Նա նշել է, որ շարունակելու է պետական ծառայությունը՝ պատրաստակամություն հայտնելով ստանձնել ցանկացած պատասխանատվություն իր կարողությունների ու փորձի շրջանակում:
Բեգլարյանը չի բացառել, որ Ռուբեն Վարդանյանն ավելի լայն լիազորություններ կարող է ունենալ: Նա այդ առումով մանրամասներ չհայտնեց՝ շեշտելով, որ եղել են քննարկումներ և առաջիկայում այդ առումով նախագահի հրամանագրեր են լինելու:
Հարցին՝ ԱԳ նախարարությունը ներառվելո՞ւ է այդ լիազորությունների մեջ՝ նա արձագանեց. «Կարծում եմ՝ պարոն Վարդանյանն իր ունեցած արտաքին կապերով ինչ-որ մասնակցություններ է ունենալու ԱԳ նախարարության գործունեոթյան մեջ: Թե ի՞նչ ծավալով, պարզ կլինի նախագահի հրամանագրով»:
Հարցին՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որևէ որոշում ունի՞, Բեգլարյանը նշեց, որ դեռ որոշում չունի:
Նա չբացառեց, որ որոշումից հետո միգուցե տարբեր թիմերի և ուժերի հետ քննարկումներ կսկսի:
«Ես ոչ-ոքի մրցակից չեմ համարում, բոլորն իմ գործընկերներն են: Նույնիսկ նրանք, ովքեր իմ հանդեպ կեղտոտ արշավներ են սկսել, իմ անունը վարկաբեկել են: Այս իրավիճակում մեզ միասնականություն է պետք»,-հավելեց նա:
Անդրադառնալով Հայաստանի իշխանությունների հետ ունեցած հարաբերություններին՝ նա նշեց. «Տարաձայնությունները քիչ չեն ՀՀ իշխանությունների՝ որոշ գործընկերների հետ: Տարբեր գործընկերների հետ լինում են աշխատանքային շփումներ, հաջողված ծրագրեր, բայց լինում են նաև սկզբունքային տարաձայնություններ, որոնք վերաբերում են Արցախին առնչվող արտաքին քաղաքական կուրսին, տարբեր ծրագրերին: Այս ծանր իրավիճակում, ամեն դեպքում, կարևորում եմ Արցախի և ՀՀ կառավարությունների արդյունավետ փոխգործակցությունը: Արտաքին քաղաքական դիրքորոշումների մասով ես իմ դիրքորոշումները հրապարակային ներկայացրել եմ: Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը որևէ կասկածի տակ չպետք է դրվի»:
Սեպտեմբերի 1-ին գործարար Ռուբեն Վարդանյանը հայտարարել էր Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու և Արցախ տեղափոխվելու իր որոշման մասին։ Վարդանյանը հայտարարել էր նաև Արցախի անվտանգության և զարգացման ճակատ ստեղծելու ծրագրերի մասին։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 4-ին Վարդանյանին առաջարկել էր ստանձնել պետնախարարի պաշտոնը։ Հոկտեմբերի 20-ին Վարդանյանը հայտարարել էր, որ նոյեմբերի սկզբին պաշտոնապես կզբաղեցնի Արցախի պետական նախարարի պաշտոնը։