Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին նշանակել է պետական նախարար։ Այս մասին հայտնում է ԱՀ նախագահի պաշտոնական կայքը։
Նշվում է նաև, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 4-ին ստորագրել է հրամանագիր՝ Արտակ Բեգլարյանին պետական նախարարի պաշտոնից ազատելու մասին:
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով` փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» ԱՀ Նախագահի հրամանագրում, համաձայն որի՝ պետական նախարարը համակարգելու է հետևյալ նախարարների գործունեությունը՝ Առողջապահության նախարար, Արդարադատության նախարար. Արտաքին գործերի նախարար. Գյուղատնտեսության նախարար. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, Քաղաքաշինության նախարար, Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար:
Նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Արցախի Հանրապետության կառավարության և պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ԱՀ Նախագահի հրամանագրում, համաձայն որի՝ պետական նախարարին վերապահված են նաև Արցախի Հանրապետության պետական կառավարման հետևյալ մարմինների ղեկավարների գործունեության համակարգման գործառույթներ։
Ավելի վաղ հոկտեմբերին, Ռուբեն Վարդանյանը հայտարարել էր, որ նոյեմբերի սկզբին պաշտոնապես ստանձնելու է Արցախի պետնախարարի պաշտոնը։ Արայիկ Հարությունյանը ևս տեղեկացրել էր իր կողմից կայացված կարևոր որոշման մասին, ըստ որի Ռուբեն Վարդանյանին առաջարկել է ստանձնել պետնախարարի պաշտոնը։
Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 1-ին Ռուբեն Վարդանյանը հայտարարել էր Արցախ տեղափոխվելու և Արցախի անվտանգության և զարգացման ճակատ ստեղծելու որոշման մասին: