Քանի դեռ իշխանություններն այս դավաճան ուղին են տանում, մենք իրենց հետ քննարկելու ոչինչ չունենք։ Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ Armenia Today-ի հարցին ի պատասխան հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։
Անդրադառնալով խաղաղության պայմանագրի «ռուսական» և «ամերիկյան» տարբերակներին, Հակոբյանը նշեց, որ դրանք բոլորն էլ հայկական կողմի համար վատագույնն են նախատեսում։ «Ռուսաստանն էլ է առաջարկում, որպեսզի Ադրբեջանի շահերը հաշվի առնվեն, բայց այստեղ մի նյուանս կա «մոսկովյան» առաջարկների հետ կապված։ Մոսկվան առաջարկում է Արցախի հարցը որոշ ժամանակով առկախել։ Սա որպես չարիքներից փոքրագույնը ձեռք է տալիս։ «Վաշինգտոնյան» տարբերակի դեպքում առանց որևէ այլընտրանքի Արցախն անցնում է Ադրբեջանի կազմ»,-հայտարարեց Հակոբյանը։
Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ հայտարարություն են ընդունել հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպման արդյունքներով։ Հայտարարության համաձայն, Հայաստանը, մասնավորապես, համաձայնել է խրախուսել ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանին։ Առաքելությունն իր աշխատանքը կսկսի հոկտեմբերին՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով։ Առաքելության նպատակն է լինելու վստահություն ստեղծել և օգնել սահմանային հանձնաժողովներին իրենց զեկույցների միջոցով։
Նշենք, որ Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ առաջնորդները հոկտեմբերի 31-ին եռակողմ հայտարարություն են ընդունել, որում պարտավորվել են շարունակել իրականացնել 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին կնքված եռակողմ համաձայնագրերերով ձեռք բերված պայմանավորվածությունները։
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարները ողջունել են Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը` հետայսու ևս ամեն կերպ նպաստելու Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորմանը, Հարավային Կովկասում կայունության և բարգավաճման ապահովմանը։