Արցախի առողջապահության նախարարությունը Ռուբեն Վարդանյանի ֆինանսական աջակցությամբ «Ապրելու» հիմնադրամի միջոցով ձեռք է բերել գլյուկոզայի մոնիթորինգի համակարգեր՝ շաքարային դիաբետով հիվանդ երեխաների համար։ Այս մասին հայտնում է IDeA հիմնադրամի մամուլի ծառայությունը։
Շաքարային դիաբետ (տիպ 1) ունեցող արցախցի երեխաների բուժման գործընթացում այսուհետև կօգտագործվեն գլյուկոզայի մշտական մոնիտորինգի (CGM) Guardian™ Connect համակարգեր, ինչը հնարավորություն է տալու իրականացնել հիվանդների առողջական վիճակի լիարժեք վերահսկողություն և բարձրացնել նրանց կյանքի որակը:
Հիմնադրամի մամուլի ծառայությունը նաև հայտնում է, որ մինչև բժիշկների կողմից համակարգերի կիրառումը՝ «Հաղթենք դիաբետը միասին» հիմնադրամը և համակարգերն արտադրող «Մեդտրոնիկ» ընկերության մասնագետները նոյեմբերի 5-ին Գորիսում վերապատրաստման դասընթաց էին կազմակերպել Արցախի, Երևանի և Հայաստանի մարզերի 15 էնդոկրինոլոգների համար՝ բժիշկներին ներկայացնելով համակարգի օգտագործման ուղեցույցը։
«Այս համակարգի կիրառումը չափազանց կարևոր է 1-ին տիպի շաքարային դիաբետով հիվանդների համար, և մենք ուրախ ենք, որ Արցախի առողջապահության նախարարությունն արդեն ունի այդ սարքերը»,- ասել է «Հաղթենք դիաբետը միասին» հիմնադրամի ղեկավար Խանդութ Հովհաննիսյանը։
Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հիվանդանոցի էնդոկրինոլոգ Շողեր Գրիգորյանը համոզված է, որ այս համակարգի կիրառությունն էականորեն բարձրացնելու է բուժման արդյունավետությունը։
«Հաղթենք դիաբետը միասին» հիմնադրամն Արցախի առողջապահության նախարարության հետ իրականացնում է նաև «Վերահսկի՛ր դիաբետը, ապրի՛ր լիարժեք կյանքով» ծրագիրը, որի շրջանակում մինչև 28 տարեկան, տիպ 1 շաքարային դիաբետ ունեցողները ստանում են անալոգ ինսուլին։