️Ֆրանսիայի Սենատը 295 կողմ և 1 դեմ ձայներով բանաձև է ընդունել՝ պահանջելով անհապաղ դուրս բերել Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի օկուպացված տարածքներից, ապահովել հրադադարի մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի պահպանումը և կառավարությանը կոչ անելով պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ։
Փաստաթուղթն առաջարկում է դիտարկել Ադրբեջանի ղեկավարների ունեցվածքի բռնագրավման և գազի ու նավթի մատակարարման էմբարգոյի հնարավորությունը։ Բացի այդ, Ադրբեջանին պահանջ է ներկայացվում Հայաստանի օկուպացված տարածքների անհապաղ դուրս բերել իր զինված ուժերը։
Միաժամանակ Սենատը կառավարությանը կոչ է անում քննարկել Արցախում մարդասիրական գրասենյակ ստեղծելու, Հայաստանին ամեն տեսակի աջակցություն ցուցաբերելու հարցը, մասնավորապես՝ պաշտպանական ոլորտում։
Բանաձևի հեղինակները Ֆրանսիայի կառավարությանը միջնորդում են հայ բնակչության և Հայաստանի անվտանգության երաշխավորությունը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում՝ առաջարկելով այդ նպատակով տարածաշրջանում տեղակայել միջազգային ուժեր։
Սենատորները վերահաստատում են Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) ճանաչման անհրաժեշտությունը, ինչը կարելի է օգտագործել որպես բանակցային գործիք տևական խաղաղություն հաստատելու համար։