Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ողջունում է նոյեմբերի 15-ին Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևը, որը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիվ և հայատյաց քաղաքականությունը Հայաստանի և Արցախի նկատմամբ։ Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Արցախի ԱԳՆ – ն։
ԱԳՆ-ում անդրադարձել են բանաձևի Արցախին և, ընդհանրապես, հայկական երկու պետություններին վերաբերող հատվածներին։
«Փաստաթղթում վերահաստատվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու և այդ ճանաչումը որպես բանակցային գործիք կիրառելու անհրաժեշտությունը՝ տևական խաղաղություն հաստատելու նպատակով։
Բանաձևում ընդգծվում է, որ Ադրբեջանի կրկնվող ագրեսիվ գործողությունները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սպառնում են արցախահայության անվտանգությանն ու ազատությանը։
Սենատը կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը անել հնարավորը, որպեսզի Ադրբեջանը անհապաղ միանա բանակցային գործընթացին՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու համար։
Նման բովանդակությամբ բանաձևի ընդունումը կարևոր քայլ է և՛ քաղաքական, և՛ իրավական, և՛ բարոյական տեսանկյուններից, քանի որ Ադրբեջանի ծավալապաշտական և ռազմատենչ քաղաքականությունը լուրջ մարտահրավեր և սպառնալիք է ոչ միայն հայ ժողովրդի և հայոց պետականության, այլ նաև տարածաշրջանային կայունության և ընդհանրապես քաղաքակիրթ աշխարհի համար։
Երախտագիտություն ենք հայտնում Ֆրանսիայի մեր բարեկամներին՝ աներկբա և սկզբունքային դիրքորոշում որդեգրելու համար»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ ️այսօր Ֆրանսիայի Սենատը 295 կողմ և 1 դեմ ձայներով բանաձև է ընդունել՝ պահանջելով անհապաղ դուրս բերել Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի օկուպացված տարածքներից, ապահովել հրադադարի մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի պահպանումը և կառավարությանը կոչ անելով պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ։