Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի Սենատի պատգամավորներին Հայաստանի և Արցախի նկատմամբ Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտող բանաձևի ընդունման համար:
«Շնորհակալություն եմ հայտնում Ֆրանսիայի Սենատի պատգամավորներին Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և մեր ժողովրդի համար կարևոր այս բանաձևի ընդունման համար։ Հատուկ շնորհակալություն սենատորներ Բրունո Ռետայոյին, Քրիստիան Կամբոնին, Պատրիկ կաններին, Էրվե Մարսելին, Էլիան Ասասիին և Ժիլբեր Լյուկ Դևինազին՝ բանաձևը ներկայացնելու համար»,-գրել է Վարդանյանն իր Telegram ալիքում։
Նա նշել է, որ բանաձևում պարունակվում են Ստեփանակերտի համար շատ կարևոր ձևակերպումներ՝ Արցախի սուբյեկտայնության տեսանկյունից։
Վարդանյանն ընդգծել է, որ փաստաթուղթը վերահաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման և այդ ճանաչումը բանակցային գործիքի վերածելու անհրաժեշտությունը՝ կայուն խաղաղություն հաստատելու նպատակով: Բանաձևում նաև ընդգծվում է, որ Լեռնային Ղարաբաղում բնակվող հայ բնակչության անվտանգությունն ու ազատությունը չի երաշխավորվում Ադրբեջանի Հանրապետության կողմից:
«Սրանք այն կետերն են, որոնք կարևոր են Արցախի և արցախահայության ապագայի համար։ Արցախահայության արդար պայքարն իր հայրենիքում անվտանգ և արժանապատիվ ապրելու համար մի օր իր նպատակին կհասնի հայ ժողովրդի վճռականության և մեր բարեկամների աջակցության շնորհիվ», – գրել է Արցախի պետնախարարը:
Ավելի վաղ Ֆրանսիայի Սենատի բանաձևը ողջունել էր Արցախի ԱԳՆ-ն։
Ֆրանսիայի Սենատը նոյեմբերի 15-ին բանաձև է ընդունել, որով կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և պահանջել անհապաղ դուրս բերել ադրբեջանական զորքերը Հայաստանի տարածքից: Բանաձևն ընդունվել է 295 կողմ, 1 դեմ քվեարկությամբ։