Տարեվերջին Արցախում հնարավոր է գործող Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե անցկացվի, գրում է «Հրապարակ»-ը։
Ըստ հրապարակման՝ ավելի վաղ նախատեսվում էր սահմանադրական հանրաքվե նշանակել հաջորդ տարվա գարնանը, սակայն վերջին օրերին ծրագրերը փոխվել են, մտադրություն կա հանրաքվե անցկացնել մինչև տարեվերջ՝ դեկտեմբերի 20-22-ը։
Արցախի խորհրդարանը նախօրեին հրավիրել է արտահերթ նիստ, որի օրակարգում են եղել Ընտրական օրենսգրքում և «Հանրաքվեի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագծերը։ Ըստ օրինագծերի՝ հանրաքվեին մասնակցելու հնարավորություն կունենան նաև Արցախից Հայաստանում հաստատված տեղահանվածները։
Նոյեմբերի 11-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։ Փոփոխությունները ենթադրում են անցում կառավարման կիսանախագահական համակարգին։ 2023 թվականին Արցախում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ, 2024 թվականին՝ նախագահական։