Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը պաշտոնը ստանձնելուց հետո բախվել է պետական բյուջեի դեֆիցիտի և մինչև տարեվերջ պետության ծախսերը հոգալու համար միջոցների սղության լուրջ խնդրին, գրում է Past-ը՝ հղում անելով Արցախի իր աղբյուրներին։
«Առաջիկայում պետք է վճարել աշխատավարձ, կատարել բյուջեով նախատեսված այլ ծախսեր, շինարարական աշխատանքներ, դրան գումարած՝ արդեն իսկ առկա են ընթացիկ պարտքեր, որոնք անհրաժեշտ է մարել, բայց փող չկա: Թե ինչպես է առանց այն էլ ծանր վիճակում գտնվող Արցախի պետնախարարը կարողանալու ելքեր գտնել, դժվար է ասել: Սակայն մեր աղբյուրը նշում է, որ Վարդանյանը հիմա առաջնահերթ զբաղված է այս թնջուկին լուծում տալու ուղղությամբ»,- գրում է թերթը:
Ռուսաստանցի հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով նոյեմբերի 4-ին նշանակվել է Արցախի պետական նախարար։
Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 1-ին Ռուբեն Վարդանյանը հայտարարել էր Արցախ տեղափոխվելու և Արցախի անվտանգության և զարգացման ճակատ ստեղծելու որոշման մասին: