Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 19-ին Ստեփանակերտում մասնակցել է Արցախի իշխանությունների նախաձեռնությամբ և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, բարերար Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ հիմնադրված Ռուսական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը։Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ կառույցի գործունեությունն ուղղված կլինի ռուսաց լեզվի, ռուսական մշակույթի և պատմության մասսայականացմանը, կրթության ոլորտում երկխոսության և սերտ համագործակցության զարգացմանը։ Առկա հարուստ գրքային ֆոնդի շնորհիվ մատաղ սերունդը հնարավորություն կունենա նաև ուսումնասիրելու ռուս գրողների ստեղծագործությունները։
Արցախի նախագահը կարևորել է նման հաստատությունների գործունեությունը մշակույթի և կրթության ոլորտում հայ-ռուսական կապերի հետագա զարգացման տեսանկյունից։
«Ռուսական կենտրոնների բացումը հանդիսանում է հայ և ռուս ժողովուրդների բազմադարյա բարեկամության ևս մեկ ակնառու ապացույց, և մեր սերտ համագործակցության վառ օրինակ։ Արցախում միշտ հատուկ ուշադրություն է դարձվել ռուսաց լեզվի ուսումնասիրությանը, իսկ կենտրոնի բացումն առավել քան պահանջված է ներկա պայմաններում», – նշել է Արայիկ Հարությունյանը։
Նախաձեռնության կարևորությունն ընդգծող խոսքով հանդես են եկել նաև հանրային գործիչներ, ովքեր համոզմունք են հայտնել, որ կենտրոնը կդառնա կարևոր մշակութային և կրթական օջախ բոլոր արցախցիների համար։