Ամենադժվար, օրհասական պահին, երբ վտանգված է երկրի ու ժողովրդի ճակատագիրը, ամենամեծ ակտիվությունն ու եռանդը, ինչքան տարօրինակ էլ չթվա առաջին հայացքից, ցուցաբերում են իսկական հայրենասերներն ու ծայրահեղ ոչ հայրենասերները։ Այս մասին իր Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը:
«Ընդ որում, այս երկու կատեգորիաներն էլ լիովին անկեղծ են իրենց ձգտումներում։ Առաջիններն ուզում են ամեն ինչ անել ժողովրդին ու երկիրը փրկելու համար, իսկ երկրորդները մեծ հնարավորություն են տեսնում մզելու, իրենց կարծիքով, դատապարտված երկրի վերջին հյութերը՝ լավ տաքացնելով ձեռքերը և իմանալով, որ ոչինչ և ոչ ոք չկա իրենց հաշիվ ներկայացնելու համար»,- գրել է Բաբայանը։
Միաժամանակ, նշել է նա, երկու կատեգորիաներն էլ պատրաստ են անձնազոհության։ Հայրենասերները պատրաստ են նույնիսկ իրենց կյանքը տալ դրա համար, ոչ հայրենասերները՝ գնալ վարկանիշի ինքնաոչնչացման, հանուն նյութական շահի զոհաբերել իրենց հոգին։