Այսօր՝ նոյեմբերի 22-ին, լրանում է Արցախյան առաջին պատերազմի հերոս Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան 80-ամյակը։
Ազգալդյանը ծնվել է 1942 թվականի նոյեմբերի 22-ին Թբիլիսիում։ Կրթությամբ ֆիզիկոս էր, սովորել է Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանում և Երևանի պետական համալսարանում, որից հետո զբաղվել է ավտոմատ կառավարման համակարգերով։
Ղարաբաղյան շարժման առաջին իսկ օրերից Լեոնիդ Ազգալդյանը ակտիվորեն մասնակցել է Արցախի ազգային-ազատագրական պայքարին, որի հետ կապել է իր ողջ կյանքն ու ճակատագիրը՝ դառնալով Շարժման առաջնորդներից մեկը։ Պրոֆեսիոնալ զինվորական չէր, բայց պատերազմի տարիներին դրսևորեց ուշագրավ կարողություններ՝ որպես փորձառու ստրատեգ և մարտավար, 1990 թվականի փետրվարից հմտորեն ծրագրել և կազմակերպել է Հայաստանի և Արցախի մի շարք շրջանների պաշտպանությունը։
«Որոշվում է ազգի ճակատագիրը: Գետաշենը, Շաումյանը, Արցախը, Զանգեզուրը մեր հայրենիքի բաց դռներն են, և հետևաբար նույնիսկ մեկ թիզ հողի կորուստ չի կարելի թույլ տալ»,- ասել է Ազգալդյանը, քանի որ նա հավատում էր` «Սա Հայաստան է և վերջ»: Նրա հայտնի արտահայտությունը հիշեցնում է, որ նման բովանդակությամբ արտահայտություններ արտասանելու իրավունք ունեն միայն նա և նրա նման՝ Հայաստանի ու Արցախի հերոսները։
1991 թվականի հունիսին Ազգալդյանը Հովսեփ Հովսեփյանի հետ ստեղծեց «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը՝ պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը։ Զոհվել է 1992 թվականի հունիսի 21-ին Մարտակերտի շրջանում, Տոնաշեն գյուղի մոտ տեղի ունեցած մարտում։
Լեոնիդ Ազգալդյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։ 2019 թվականի օգոստոսի 31-ին հետմահու արժանացել է «Արցախի հերոս» կոչման և «Ոսկե արծիվ» շքանշանի։