Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման միջազգային ինստիտուտը կոչ է անում ստեղծել անկախ միջազգային հանձնաժողով, որը կուսումնասիրի Արցախի հետ կապված խնդիրները՝ արդար արդյունքի և կայուն խաղաղության հաստատման համար։ Այս մասին ասվում է ինստիտուտի հայտարարության մեջ։
«Չի կարելի թույլ տալ, որ Ադրբեջանն ուժ կիրառի հայկական տարածքը պահանջելու համար, և միջազգային հանրությունը պետք է հստակ հասկացնի Ադրբեջանին, որ վճռականորեն պաշտպանելու է հայերի կյանքը 1915 թվականի ցեղասպանության վերածնումից», – ասվում է հայտարարության մեջ:
Արցախի ժողովուրդն արժանի է, որ միջազգային հանրության կողմից լսվեն և լրջորեն ընդունվեն ինքնորոշման իրենց կոչերը, կարծում են ինստիտուտի փորձագետները։
Ինստիտուտը իր համերաշխությունն ու զորակցությունն է հայտնել Արցախի Հանրապետության ժողովրդին, ով հոկտեմբերի 30-ին «պատմական թվաքանակով դուրս եկավ Ստեփանակերտ՝ հանուն ինքնորոշման հանրահավաքի»։
Ինքնորոշման հիմնարար իրավունքը կայուն միջազգային խաղաղության և անվտանգության անբաժանելի տարրն է, ընդգծվում է փաստաթղթում։
Նշվում է, որ ստեղծված իրավիճակում «աշխարհը հազվագյուտ հնարավորություն ունի կանխելու ցեղասպանությունը նախքան դրա սկսվելը»։
«Ըստ ամենայնի, միջազգային հանրության շատ անդամներ սխալմամբ կարծում են, որ Արցախը պարզապես պետք է «տրվի»՝ հանձնվի Ադրբեջանին 2020 թվականին հայերի կրած տարածքային կորուստների պատճառով։ Փաստորեն, արևմտյան շատ կառավարություններ, կարծես, առաջ են տանում այնպիսի քաղաքականություն, որը թույլ կտա Ադրբեջանին վերահսկել Արցախը «խաղաղության» և «բարեկեցության» անվան տակ, երկու տերմիններ, որոնք բազմիցս օգտագործվել են ԱՄՆ պաշտոնյաների կողմից նոյեմբերի 16-ին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ:
Ընդգծվում է, որ արեւմտյան այս տեսակետի աղբյուրը «Թուրքիային հաճոյանալու եւ կովկասյան նավթի, ինչպես նաեւ Կենտրոնական Ասիայի ռազմավարական դիրքերի հասանելիություն ձեռք բերելու» ցանկությունն է։
Լեմկինի ինստիտուտը կարծում է, որ նման դիրքորոշումը ժխտում է Արցախի ինքնորոշման օրինական իրավունքը:
Ադրբեջանի և նրա դաշնակից Թուրքիայի ցեղասպանական ծրագրերը, ասվում է հայտարարության մեջ, երաշխավորում են ագրեսիայի շարունակությունը Հայաստանի տարածքի դեմ։
«Երկու երկրների և հատկապես Ալիևի ռեժիմի կողմից քարոզվող հակահայկական ատելությունը չի մարի Արցախի հայաթափմամբ։ Փաստորեն, Արցախի բնակչության նվազումը պետք է դիտարկել որպես տարածաշրջանից հայկական ներկայությունը մեկընդմիշտ ջնջելու շատ ավելի մեծ փորձի սկիզբ»,- ասվում է փաստաթղթում։