Ադրբեջանի սադրիչ գործողություններն Արցախի բնակչության և խաղաղապահների դեմ են ուղղված։ Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը՝ մեկնաբանելով մի խումբ ադրբեջանցիների կողմից իբրև բնապահպանական նպատակներով Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակելը։
«Ադրբեջանի գործողությունները Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին հերթական սադրանքն են։ Ակնհայտ է, որ պատրվակը կեղծ է, դրա տակ փորձ է արվում ընդհատել Արցախի և Հայաստանի միակ կապը»,- գրել է Բեգլարյանը։
Նա հիշեցրել է, որ այդ կապը, եռակողմ պայմանավորվածությունների համաձայն, ապահովում է ռուսական խաղաղապահ զորախումբը։
«Այսպիսով՝ Ադրբեջանի գործողություններն ուղղված են ուղղակիորեն Արցախի 120.000 բնակչության և խաղաղապահների դեմ»,- ընդգծել է Բեգլարյանը և հույս հայտնել, որ շուտով ճանապարհային հաղորդակցությունը կվերականգնվի։
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: