Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու փակումը լրջագույն կերպով ոտնահարում է միջազգային մարդասիրական իրավունքները և նպատակ ունեն հումանիտար աղետ ստեղծել Արցախում։ Այս մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։
Գերատեսչությունից հայտնում են, որ ստեղծված իրավիճակում անհնարին է դարձել բժշկական պարագաների և դեղամիջոցների տեղափոխումը Արցախ: Լուրջ խնդիր է դարձել նաև առողջական ծանր խնդիրներ ունեցող հիվանդների Արցախից ՀՀ տեղափոխումը:
«Կոչ ենք անում միջազգային հանրությանը, մարդասիրական բոլոր կազմակերպություններին անհապաղ կերպով պատշաճ քայլեր ձեռնարկել ստեղծված վիճակը կարգավորելու և վերահաս հումանիտար աղետը կանխելու համար»,- ասված է հայտարարությունում։
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանն Ադրբեջանի այս քայլը հերթական սադրանքն է համարում Արցախի բնակչությանը և խաղաղապահներին ուղղված։