Հայաստանն Արցախին կապող ճանապարհը բացվեց, սակայն իրադրությունը շարունակվում է լարված մնալ։ Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Այստեղ պետք է ոչ թե կենտրոնանալ ճանապարհի փակման վրա, այլ այն հանգամանքի, թե արդյո՞ք չեզոքացված են որևէ փուլում ճանապարհի փակման ռիսկերը։
Ադրբեջանական սցենարով, ճանապարհն այս փուլում ժամանակավոր էր փակվելու, որովհետև խաղարկվող տեսարանները մեծ խաղի մի փոքր դրվագն են կազմում։
Ադրբեջանը փորձում է ամուր հիմք նախապատրաստել ճանապարհը նկատմամբ առնվազն համատեղ վերահսկողություն (ռուսական կողմի հետ) հաստատելու, իսկ հնարավորության կամ բարենպաստ պայմանների ձևավորման դեպքում, երթուղու նկատմամբ վերահսկողության ամբողջական փաթեթ ստանալու համար։
Այսօրվա միջադեպի հետևանքով առնվազն քննարկելի է դարձել Ադրբեջանի բնապահպանական մոնիթորինգի կամ Արցախում բնապահպանական վերահսկողական գործառույթ իրականացնելու հարցը, ինչը ցանկացած դեպքում նոր ճգնաժամի առիթ է դառնալու»,-նշել է Աբրահամյանը։
Նշենք, որ այսօր Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել են, որ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Նշվում է, որ միջադեպի վերաբերյալ պատշաճ տեղեկացված է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը: Արցախի լիազոր պետական մարմինները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները իրավիճակի կարգավորման ուղղությամբ: