Այսօր ադրբեջանական կողմը հերթական սադրանքին է դիմել՝ այս անգամ Արցախը Հայաստանին կապող ճանապարհահատվածին։ Կեսօրին մոտ Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել են, որ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Միջադեպի վերաբերյալ պատշաճ ձևով տեղեկացվել է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը: Արցախի լիազոր պետական մարմիններն անմիջապես ձեռնամուխ եղան հնարավոր միջոցներով իրավիճակի կարգավորմանը։
Արցախի ԱԳՆ-ից հայտարարեցին, որ սա ահաբեկչական քայլ է, որը խարխլում է Լաչինի միջանցքի վերաբերյալ միջազգայնորեն ձեռքբերված պայմանավորվածությունը և նենգ հարված է հասցնում տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովող Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելությանը:
«Այս ամենը պայմանավորված է իրենց ցեղասպան քաղաքականությամբ, ատելությամբ, Արցախը ոչնչացնելու իրենց ձգտումով»,-այսպես մեկնաբանեց Armenia Today-ի հետ զրույցում Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ խաղաղապահների կողմից բոլոր քայլերը ձեռնարկվում են, որպեսզի առաջին հերթին ճանապարհն ապաշրջափակվի։
Ադրբեջանական կողմն ավելի ուշ հանդես եկավ ճանապարհի փակման հետ կապված պարզաբանմամբ։ Պարզվում է, որ Բնապահպանության և բնական պաշարների նախարարության հարցման հիման վրա Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դիմել է Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարությանը՝ առաջարկելով նշված շրջաններ ուղարկել Ադրբեջանի համապատասխան հաստատությունների «մասնագետներ»՝ Ադրբեջանի տարածքներում «օգտակար հանածոների ապօրինի շահագործման հետաքննություն և մոնիթորինգ իրականացնելու համար»:
Ճանապարհը բացելու նպատակով ադրբեջանական կողմի հետ ակտիվ բակակցությունների մեջ էին Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատուները։ Ավելի քան երեք ժամ տևած բանակցությունները տվեցին դրական արդյունք: Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին երկկողմանի բացվեց և այժմ հասանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության համար։
Նշենք, որ սա 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից ի վեր ադրբեջանական կողմի միակ սադրանքը չէր։ Այս տարվա մարտի 8-ին վնասվել է ՀՀ-ից Արցախ տարանցվող գազատարը, որն ըստ ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, տեղի էր ունեցել ադրբեջանական դիրքի մոտ: Մի քանի շաբաթ շարունակ ադրբեջանական կողմը խոչընդոտում էր գազատարի վերագործարկմանը, ինչը էներգետիկ լուրջ ճգնաժամ էր առաջացրել Արցախում։
Ադրբեջանցիների գործողությունները միայն ենթակառուցվածքային ոլորտի աշխատանքների խափանմամբ չեն սահմանափակվել։ Այսպես, այս տարվա ընթացքում՝ մարտ և օգոստոս ամիսներին, Ադրբեջանը շարունակեց իր սադրիչ և ագրեսիվ գործողությունները Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ: Եռակողմ հայտարարությունների բացահայտ խախտմամբ՝ Ադրբեջանը փաստացի էթնիկ զտումների ենթարկեց Լեռնային Ղարաբաղի Փառուխ բնակավայրը և փորձեց խոչընդոտել Լաչինի միջանցքի գործունեությանը, որն ավելի քան 120 հազար մարդու համար «կյանքի ճանապարհ» է։