Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայի Սենատի բոլոր խորհրդարանական խմբերի ղեկավարների և ԱԺ բոլոր խմբակցությունների պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ խոսել է Լաչինի միջանցքի կարևորության մասին, հայտնում են Արցախի կառավարությունից։
«Արցախը կապված է Հայաստանի և արտաքին աշխարհի հետ միայն մեկ ճանապարհով՝ 5 կմ լայնություն ունեցող Լաչինի միջանցքով: Ադրբեջանը ցանկանում է կտրել այդ միակ և վերջին կապը արտաքին աշխարհի հետ՝ խեղդամահ անելով Արցախը: Մենք ցանկանում ենք, որ Լաչինի միջանցքն ունենա լրացուցիչ միջազգային երաշխիքներ Հայաստանի և արտաքին աշխարհի հետ Արցախի կապն անխափան ապահովելու համար», – ասել է Հարությունյանը:
Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Արցախ-Ֆրանսիա կապերին և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել միջխորհրդարանական կապերի զարգացմանը:
Խոսելով Ֆրանսիայի, մասնավորապես, նրա օրենսդիր մարմնի հետ հարաբերությունների զարգացման հարցում Արցախի շահագրգռվածության մասին՝ Հարությունյանը բարձր է գնահատել Սենատի և Ազգային ժողովի հետևողական ջանքերը՝ ուղղված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:
«Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի կողմից Արցախի վերաբերյալ ընդունված բանաձևերը լավ հիմք են Արցախի և Ադրբեջանի միջև հակամարտության համապարփակ և հաստատուն կարգավորման համար։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգումը և այդ իրավունքի իրացման արդյունքների ճանաչումը հակամարտության կարգավորման միակ ճանապարհն է, որը երաշխավորում է Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության պատշաճ մակարդակի ապահովումը»,- ընդգծել է Արայիկ Հարությունյանը։
Շնորհակալություն հայտնելով խորհրդարանականներին բանաձևերի ընդունման համար՝ երկրի ղեկավարը նշել է, որ այդ որոշումները քաղաքական ուղերձ են և լիովին համապատասխանում են Ֆրանսիայի քաղաքական ավանդույթներին՝ հիմնված ազատության, հավասարության և եղբայրության սկզբունքների վրա։ Նախագահի խոսքով՝ հիմա առավել կարևոր խնդիր է այս քաղաքական ուղերձները իրականություն դարձնելը, դրանց իրական ուժ տալը։ Այդ համատեքստում նախագահը հույս է հայտնել, որ Արցախի Հանրապետության ճանաչման ուղղությամբ աշխատանքներն ավարտին կհասցվեն Ֆրանսիայի գործադիր իշխանության կողմից, ինչը թույլ կտա կանխել հայերի նոր ցեղասպանությունն իրենց հայրենիքում:
Երկրի ղեկավարը նաև հույս է հայտնել, որ Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների կողմից բանաձևերի ընդունումը, որոնցով կոչ է արվում ճանաչել Արցախի Հանրապետությունը, օրինակ կծառայի աշխարհի այլ երկրների համար։ Արցախը, ըստ երկրի ղեկավարի, ակնկալում է Ֆրանսիայի ակտիվ ներգրավվածությունը նաև մարդասիրական ծրագրերի կյանքի կոչման, գերության մեջ գտնվող հայերի վերադարձման և Ադրբեջանի բռնազավթած տարածքներում վտանգված հայկական հոգևոր-մշակութային ժառանգությունը փրկելու գործում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի նախագահը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Սենատում։