Ադրբեջանն սկսում է Արցախի բնական պաշարների շահագործման «էկոլոգիական մոնիթորինգ». Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի Էկոնոմիկայի նախարարության և Բնապահպանության և բնական պաշարների նախարարության համատեղ հաղորդագրությունը։
Նշվում է, որ դեկտեմբերի 10-ից Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության, էկոլոգիայի և բնական պաշարների նախարարության, Էկոնոմիկայի նախարարությանն առընթեր պետական գույքի ծառայության և «ԱզերԳոլդ» ՓԲԸ-ի աշխատակիցներն սկսում են Լեռնային Ղարաբաղի տարածքում՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, «հանքավայրերի ապօրինի շահագործման փաստերը հետաքննելու» նախնական դիտարկումը։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ նման պայմանավորվածություն ձեռք է բերվել դեկտեմբերի 3-ին և 7-ին ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ բանակցությունների ընթացքում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Շուշի-Քարին Տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ «էկոլոգիական նկատառումներով» փակել են Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհը, ավելի ուշ ճանապարհն ապաշրջափակվել էր։