Ադրբեջանի իշխանությունների նպատակներից մեկն Արցախում ներքին պառակտման ու խուճապի հրահրումն է: Այս մասին
գրում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Նա տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմն արդեն երկրորդ անգամ փակել է Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ մայրուղին՝ կեղծ ու մտացածին պատճառաբանություններով:
«Նախ, մեզ համար խիստ անընդունելի է Ադրբեջանի ագրեսիվ վարքը, որի միջոցով ահաբեկում է մեր բնակչությանը և հարվածի տակ դնում մեր կենսական իրավունքներն ու շահերը: Սա աննախադեպ մարտահրավեր է մեր պետության ու ժողովրդի համար, և կոչ եմ անում ողջ հասարակությանը համախմբվել ու հանգստություն ցուցաբերել։
Արցախի իշխանություններն ու ժողովուրդն ունեն հստակ արժեքներ, սկզբունքներ ու կարմիր գծեր, որոնց պաշտպանության ուղղությամբ գործադրում ենք և կգործադրենք բոլոր հնարավոր ջանքերը՝ երբեմն ոչ տեսանելի»,- գրել է Հարությունյանը:
Նախագահը գրում է, որ համոզված է՝ ռուսական խաղաղապահ զորակազմը, որպես մեր ժողովրդի ու ճանապարհի անվտանգության երաշխավոր, կկիրառի բոլոր գործիքակազմերը՝ կանխելու նման սադրանքները և պայմանավորվածությունների խախտումները՝ ուղղված մեր ժողովրդի կենսական իրավունքների ու շահերի դեմ:
Նա նշել է, որ կարևոր անելիքներ ունեն նաև միջազգային հանրության այլ դերակատարները, քանի որ ադրբեջանական կողմի գործողությունները կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի հանրահայտ նորմերը, և Ադրբեջանը ձգտում է Արցախի բնակչության էթնիկ զտման ու հայրենազրկման:
«Արցախը եղել է և կլինի հայկական՝ մեր միասնական ու վճռական ջանքերի միջոցով՝ ի հեճուկս բոլոր մարտահրավերների»,- գրել է Հարությունյանը: