Դեկտեմբերի 3-ին և 12-ին մի խումբ ադրբեջանցիաներ «բնապահպանական» պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող հումանիտար միջանցքը, որի գործունեությունը սահմանված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով: Արցախի մարդու իրավունքների պաշտպանն ահազանգել է հնարավոր հումանիտար ճգնաժամի մասին:
«Լուրերը» ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գրասենյակից փորձել է հետաքրքրվել, թե Ժոզեպ Բորելի ղեկավարած կառույցն ի՞նչ է կարծում Լաչինի հումանիտար միջանցքի փակման մասին ադրբեջանցիների կողմից:
ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով մամուլի խոսնակ Պետեր Ստանոն, ի պատասխասխան «Լուրերի» հարցմանը, նշել է. «ԵՄ-ն տեղյակ է դեկտեմբերի 3-ից Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցող տարբեր զարգացումներին: Մենք նաև ուշադիր հետևում ենք այսօրվա զարգացումներին։ ԵՄ-ն Ղարաբաղում չունի ներկայություն, որը թույլ կտա մեզ ավելի լավ հասկանալ իրավիճակը, բայց մենք հետևում ենք բաց աղբյուրներից հայկական և ադրբեջանական բազմաթիվ հաղորդումներին, կապի մեջ ենք Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաների հետ:
ԵՄ-ն կրկնում է գործողություններում զսպվածության և սադրիչ հռետորաբանությունից խուսափելու իր կոչերը: ԵՄ-ն նաև հույս է հայտնում, որ Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության վերաբերյալ այդքան անհրաժեշտ բանակցություններն արդյունք կտան ու կթուլացնեն լարվածությունը»։